Ռուսաստանի փոխվարչապետ, Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների բացման եռակողմ աշխատանքային խմբի ռուսաստանցի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկը ժամանել է Բաքու։
Օվերչուկը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, փոխանցում է Ալիևի գրասենյակը։
Ըստ ադրբեջանական կողմի՝ Օվերչուկն ու Ալիևն ընդգծել են, որ 2023 թվականը տնտեսական համագործակցության առումով օգտակար է եղել Մոսկվայի և Բաքվի համար։
Առևտրաշրջանառության 17,5 տոկոսը, ինչպես նաև բեռնափոխադրումների և տարանցիկ փոխադրումների կայուն աճը գնահատվել է որպես երկու երկրների համագործակցության լավ ցուցանիշ։
Ադրբեջանի կառավարության մամուլի ծառայությունը երեկ հաղորդեց, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը Բաքվում 2024-2026 թվականների երկկողմ համագործակցության «ճանապարհային քարտեզ» են ստորագրել, փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել փոխվարչապետեր Շահին Մուստաֆաևն ու Ալեքսեյ Օվերչուկը։
Բաքուն նշել է, որ «Փաստաթուղթը առևտրատնտեսական, ներդրումային, տրանսպորտային, արդյունաբերական, գյուղատնտեսական, մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված կոնկրետ քայլեր է նախատեսում»։
Ալիևն ու Օվերչուկն այսօր կարևորել են այդ փաստաթղթի ստորագրումը։ Ալիևը վստահություն է հայտնվել, որ Ալեքսեյ Օվերչուկի այցը կծառայի ռուս-ադրբեջանական կապերի ընդլայնմանը։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև «Հյուսիս-Հարավ տրանսպորտային և լոգիստիկ միջանցքի» շուրջ։
Ռուսաստանի փոխվարչապետը երեկ էլ հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի, փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ։
Դեկտեմբերի վերջին Օվերչուկը Հայաստանում էր։ Նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկեց հայ-ռուսական հարաբերությունների արդիական հարցեր։