Մատչելիության հղումներ

Առաջարկվում է «փոքրամասնության կառավարություն ձևավորելու» հնարավորություն և «արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների վերանայում»


«Ազատության» տրամադրության տակ է Արդարադատության նախարարությունից Կառավարություն ուղարկված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, որով առաջարկվում է մայր օրենքում ամրագրել «փոքրամասնության կառավարություն ձևավորելու» հնարավորություն և «արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների վերանայում»։

Առաջարկվում է հրաժարվել կայուն խորհրդարանական մեծամասնության սկզբունքից

Գործող Սահմանադրությամբ ընտրական արգելապատնեշը հաղթահարած ցանկացած կուսակցություն կամ դաշինք կարող է քաղաքական կոալիցիա կազմել խորհրդարան անցած այլ՝ առավելագույնը երկու կուսակցությունների կամ դաշինքների հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է մեծամասնություն ստանալու համար, և նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի հարցում: Հիմա իշխանությունն առաջարկում է չսահմանափակել կոալիցիայի մասնակիցների թիվը։ Առաջարկվում է անցում կատարել «իշխող մեծամասնության և կառավարություն ձևավորելու այնպիսի համակարգի, որը հիմնված կլինի միջկուսակցական դաշինքների և քաղաքական երկխոսության վրա»։

Առաջարկվում է «փոքրամասնության կառավարություն» ձևավորելու հնարավորություն

Նախագիծն առաջարկում է հրաժարվել գործող Սահմանադրությամբ ամրագրված խորհրդարանական կայուն մեծամասնության սկզբունքից՝ փաստարկելով, թե «կայունությունն ունակ է առաջացնել քաղաքական ու տնտեսական լճացում»։

Ըստ այդմ, առաջարկվում է Սահմանադրությամբ ստեղծել «փոքրամասնության կառավարություն» ձևավորելու հնարավորություն, որը Հայաստանում երբեք չի կիրառվել։ Դրան հասնելու համար առանձնացվում է երկու տարբերակ՝ մեկով երկրի նախագահը կարող է Ազգային ժողովի առավել մեծ թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին նշանակել վարչապետ, երկրորդ՝ կիրառել Երևանի քաղաքապետի ընտրության մոդելի նման իրավական ռեժիմ և որպես վարչապետ ընտրել առավել շատ ձայներ ստացած թեկնածուին, այլ կերպ ասած՝ «փոքրամասնության կառավարություն» ձևավորել օրենքի ուժով, առանց որևէ միջնորդի։

Նախագիծը դիտարկում է նաև երրորդ տարբերակ, որը բացառում է փոքրամասնության կառավարության հնարավորությունը․ այս դեպքում խորհրդարանը պետք է արձակվի իրավունքի ուժով այնքան, քանի դեռ որևէ մեկը չի ստանա մեծամասնություն կամ չի ձևավորվի կոալիցիա։

Նախագծի հեղինակները փաստում են, որ այս մոդելների անկայունության հետ կապված մտահոգություններ կան, միաժամանակ պնդում, թե դրանք չափազանցություն են։ Օրինակ են բերվում Իտալիան, Բելգիան, Բուլղարիան, Իսրայելը, որտեղ այդ անկայունությունը, ըստ հեղինակների, չի վերածվում քաղաքական ճգնաժամերի։

Հիշատակված երկրներից Իսրայելում, ի դեպ, 2019-ի ապրիլից 2022 թվականի նոյեմբեր՝ երեքուկես տարվա մեջ 5 ընտրություն է անցկացվել, Բուլղարիայում ևս 2021-ի ապրիլից 2023-ի ապրիլ՝ երկու տարում, 5 ընտրություն, որոնցից երեքը՝ կես տարում։ Բելգիայում էլ փոքրամասնությունը չէր կարողանում կառավարություն ձևավորել 652 օր՝ 2018-ի դեկտեմբերից 2020-ի սեպտեմբեր։

Առաջարկվում է վերանայել արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետները

Սահմանադրական բարեփոխումներով առաջարկվում է նաև վերանայել և ավելի երկար ժամանակ տալ արտահերթ ընտրությունների անցկացման համար։ Ըստ այդմ, եթե գործող օրենքով պահանջվում է արտահերթ քվեարկությունը կազմակերպել խորհրդարանը ցրելուց հետո 30-45 օրվա ընթացքում, ապա հիմա առաջարկվում է այդ ժամկետը երկարեցնել՝ դարձնելով 50-60 օր։

Ի դեպ, քաղաքական ուժերն առայժմ զերծ են մնում մեկնաբանություններից՝ պատճառաբանելով, որ հայեցակարգի նախագծին դեռ ծանոթ չեն, այն պաշտոնապես չի հրապարակվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG