Քրեական վարույթներ դեռևս հարուցված չեն, բայց Հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրում է վարչապետի օրերս այցելած դպրոցները, որտեղ նորակառույց շենքերն ու մարզադահլիճներն արդեն պատրաստ էին շահագործման, այսօր հայտարարեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Նախարարի խոսքով՝ իրավապահները փորձում են հասկանալ՝ արդյոք մրցույթի հայտարարման տեխնիկական առաջադրանքներում և հանձնման-ընդունման ակտերում կան անհամապատասխանություններ։
«Եթե կան, ինչ-որ մեկը ընդունել է մի գույք-ապրանք, որը չի համապատասխանում պայմանագրերին, բնականաբար, վարույթներ կլինեն», - ասաց նախարարը։
Գրիգոր Մինասյանը նորմալ համարեց երկրի ղեկավարի մեծ քննարկումների առիթ դարձած ստուգայցերը, որտեղ նա թերություններ էր հայտնաբերել, դրանց մասին բարձրաձայնել, տեսախցիկների առաջ խիստ քննադատել պատասխանատու պաշտոնյաներին, ինչին ժամեր անց հաջորդեցին պաշտոնանկությունները։
«Կարծում եմ, որ շատ նորմալ գործընթաց է, երբ որ ղեկավարը տեսնում է, որ որևէ գերատեսչություն թերանում է, բնական է՝ պետք է լինեն հետևանքներ։ Շատ հաճախ այլ պայմաններում կամ նախկինում դա կարող էր լինել ավելի, այսպես ասած, թաքնված և ոչ բացահայտ հանրային։ Ի ուրախություն ինձ և, կարծում եմ, բազմաթիվ քաղաքացիների, թափանցիկ, բաց տեղի են ունենում գործընթացներ, և դա նաև ազդակ է բոլոր գերատեսչություններին, գերատեսչությունների ղեկավարներին, նախարարներին, ինձ անձամբ, թե ինչպես է պետք աշխատել, և ինչ նոր նշաձող է սահմանվում երկրի ղեկավարի կողմից», - հայտարարեց արդարադատության նախարարը՝ հրավիրած մամուլի ասուլիսում։