Մատչելիության հղումներ

«ԻՊ» ահաբեկչական խմբավորումը ստանձնեց Իրանում արյունահեղության պատասխանատվությունը


«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնեց Իրանի Քերման քաղաքում տասնյակ մարդկանց կյանք խլած պայթյունների պատասխանատվությունը։ Աշխարհով մեկ արյունալի հարձակումներ իրականացրած ծայրահեղական կազմակերպությունը Տելեգրամում տարածած հաղորդագրությամբ հայտնել է, որ Քերմանում պայթյուններն իրականացրել են խմբավորման երկու հետևորդներն իրենց ամրացված պայթուցիկ սարքերի միջոցով։

Իրանցի ազդեցիկ գեներալ Քասեմ Սոլեյմանիի մահվան չորրորդ տարելիցին նվիրված սգո միջոցառման ժամանակ տեղի ունեցած այդ հարձակումը ամենամահաբերն է Իրանի Իսլամական Հանրապետության պատմության մեջ․ պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ պայթյունների հետևանքով զոհվել է 89 մարդ, վիրավորների թիվը 284 է։

Իրանական մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ «Իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսին մոտ կանգնած «Ֆարս» գործակալությունը, նշում են, որ ահաբեկչական խմբավորման առանցքային զինյալներից մեկը, որին Թեհրանը պատասխանատու է համարում Իրանում անցյալում ահաբեկչական հարձակումների համար, ձերբակալվել է հենց Քերման քաղաքում։

Թեհրանը Իսրայելին և ԱՄՆ-ին էր մեղադրում առանց ապացույցներ վկայաբերելու

Իրանի իշխանությունները, այդ թվում՝ նախագահ Էբրահիմ Ռայիսին, մինչդեռ, արյունալի պայթյունների համար մեղադրել են Իսրայելին և Միացյալ Նահանգներին՝ սպառնալով պատասխան քայլով։ Պայթյուններին հակառակորդ երկրների մասնակցությունը փաստող ապացույցներ, սակայն, Իրանի իշխանությունները չեն ներկայացրել։ Թե՛ Իսրայելը, թե՛ Միացյալ Նահանգները կտրականապես հերքել են իրենց մասնակցությունը արյունալի հարձակումներին։

Իրանի հարցերով փորձագետ Գրեգորի Բրյուն «Ազատության» իրանական ծառայության հետ զրույցում կարծիք է հայտնել, թե պաշտոնական Թեհրանը, չնայած հրապարակային հայտարարություններին, հակված չէ կարծելու, որ ահաբեկչության հետևում Իսրայելն է կանգնած։

«Եթե Իրանն իսկապես կասկածեր Իսրայելին, ամենայն հավանականությամբ իր այդ գնահատականը գաղտնի կպահեր, ինչը հնարավորությւոն կտար իրեն ավելի ազատ արձագանքել ցանկացած պահի, ցանկացած վայրում։ Բայց այդ հարձակումը չի համապատասխանում նախկինում Իրանի ներսում Իսրայելի իրականացրած գործողությունների սկզբունքներին, դրանք որպես կանոն ուղղված էին զինվորականներին կամ ռազմավարական թիրախներին», - ասել է փորձագետը։

Իրանում ահաբեկչությունը սաստկացրել է Գազայում պատերազմի տարածման վտանգը

Արյունալի պայթյունները Քերմանում տեղի են ունեցել տարածաշրջանում ծայրաստիճան լարված իրադրության ֆոնին։ Հարձակմանը նախորդել է Բեյրութում իրանամետ «Համաս»-ի (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպություն) ղեկավարներից մեկի սպանությունը։ Այս իրադարձությունները է՛լ ավելի են սաստկացրել Գազայում շարունակվող պատերազմի տարածման վտանգը:

Իրանի աջակցությունը վայելող «Համաս» խմբավորման դեմ Իսրայելի պատերազմին զուգահեռ Թեհրանի մյուս երկու դաշնակիցները՝ «Հեզբոլլա»-ն՝ Լիբանանում, և հութիները՝ Եմենում, արդեն մի քանի ճակատ են բացել Իսրայելի դեմ։ Երեկ էլ Իրաքում ամերիկացի զինվորականները օդային հարված են հասցրել այդ երկրում գործող իրանամետ խմբավորումներից մեկի՝ Բաղդադում գտնվող կենտրոնակայանի վրա, որի հետեւանքով սպանվել է խմբավորման առաջնորդներից Աբու Տակվան։

Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Փեթ Ռայդերի խոսքով՝ շիամետ խմբավորման առաջնորդը ակտիվորեն ներգրավված է եղել ամերիկյան ուժերի անձնակազմի դեմ հարձակումների նախապատրաստման և իրականացման մեջ։ Աբու Տակվայից բացի, սպանվել է խմբավորման ևս մեկ ներկայացուցիչ, վեց մարդ էլ վիրավորվել է։

Վաշինգտոնը քայլեր է ձեռնարկում՝ կանխելու պատերազմի տարածման վտանգը

Ամերիկյան «Պոլիտիկո» պարբերականը գրել է, որ տարածաշրջանային պատերազմի օր օրի մեծացող վտանգը կանխելու ուղղությամբ Վաշինգտոնը սկսել է քայլեր ձեռնարկել։ Թերթը վկայակոչում է ամերիկյան վարչակազմին մոտ կանգնած իր աղբյուրները։ Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ Լիբանանում և Իրանում տեղի ունեցած բախումներից հետո ամերիկյան իշխանությունները մտավախություն ունեն, որ հակամարտությունը սկսել է տարածվել «Գազայի հատվածի սահմաններից դուրս», «մի զարգացում, որից Միացյալ Նահանգները ամիսներ շարունակ փորձել է խուսափել»:

«Պոլիտիկո»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այժմ ԱՄՆ զինվորականները պատասխան գործողությունների ծրագիր են մշակում Եմենի հութի ապստամբների դեմ, որոնք բազմիցս հարձակվել են Կարմիր ծովում առևտրային նավերի վրա։ Բացի այդ ամերիկյան հետախուզությունը փորձում է կանխատեսել և կանխել Իրաքում և Սիրիայում ամերիկյան ուժերի դեմ հնարավոր հարձակումները։

Մերձավոր Արևելքում պայթյունավտանգ իրավիճակը մեղմելու նպատակով այսօր տարածաշրջան է այցելում ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։ Էնթոնի Բլինքենը մտադիր է բանակցություններ վարել Թուրքիայի, Հորդանանի, Քաթարի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Իսրայելի, Եգիպտոսի իշխանությունների հետ։ Ամերիկյան պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի հաղորդմամբ՝ Բլինքենի օրակարգում հակամարտության ընդլայնումը կանխելն է։

«Նա կփնտրի կոնկրետ քայլեր, որոնք կողմերը կարող են ձեռնարկել, ներառյալ՝ իրենց ազդեցությունը տարածաշրջանի մյուս երկրների վրա՝ էսկալացիայից խուսափելու համար: Գազայի սահմաններից դուրս հակամարտության տարածումը չի բխում ոչ մեկի շահից՝ ո՛չ Իսրայելի, ո՛չ տարածաշրջանի, ո՛չ էլ աշխարհի», - ընդգծել է նա։

XS
SM
MD
LG