Մատչելիության հղումներ

Իրանում պայթյունների պատասխանատվությունը ստանձնեց «Իսլամական պետություն»-ը


Իրան - Պայթյունների հետևանքները, Քերման, 3-ը հունվարի, 2023թ.
Իրան - Պայթյունների հետևանքները, Քերման, 3-ը հունվարի, 2023թ.

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է երեկ Իրանում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը։ Ծայրահեղական խմբավորման հայտարարությունը տարածվել է Telegram-ում։

Պայթյունները տեղի են ունեցել Քերման քաղաքում իրանցի ազդեցիկ գեներալ Քասեմ Սոլեյմանիի մահվան չորրորդ տարելիցին նվիրված սգո միջոցառման ժամանակ։ Իրանական IRNA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պայթյունների զոհերի պաշտոնական թիվը 84 է, վիրավորվել է 284 մարդ. լրատվամիջոցը հղում է անում Իրանի Արտակարգ իրավիճակների բժշկական ազգային կազմակերպության ղեկավար Ջաֆար Միադֆարի հրապարակած տվյալներին։

Սա ամենամահաբեր հարձակումն է Իրանի Իսլամական Հանրապետության պատմության մեջ։

Զոհերի հիշատակին Իրանում այսօր սգո օր է հայտարարվել։

Իրանցի մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ նախագահ Էբրահիմ Ռաիսին, պայթյունների համար մեղադրել են Միացյալ Նահանգներին և Իսրայելին՝ սպառնալով պատասխան քայլով։

«Ես զգուշացնում եմ սիոնիստական ռեժիմին՝ չկասկածեք, գին եք վճարելու այս հանցագործության համար։ Այս հանցանքի համար, որը գործել եք, շատ եք զղջալու», - նախօրեին հայտարարել է Ռաիսին։

XS
SM
MD
LG