Մատչելիության հղումներ

Պայթյունները Իրանում է՛լ ավելի սրեցին լարվածությունը տարածաշրջանում


Իրան - Պայթյունների հետևանքները, Քերման, 3-ը հունվարի, 2024թ.
Իրան - Պայթյունների հետևանքները, Քերման, 3-ը հունվարի, 2024թ.

Իրանում ութ տասնյակից ավելի մարդու կյանք խլած պայթյունների պատճառով նախագահ Էբրահիմ Ռաիսին չեղարկեց այսօր նախատեսված այցը Թուրքիա, որտեղ երկու երկրների ղեկավարները պետք է քննարկեին Անկարայի և Թեհրանի միջև հարաբերությունները, Գազայում և Սիրիայում տիրող իրավիճակը։

Միաժամանակ, երեկվա արյունալի միջադեպն է՛լ ավելի է սրել մինչ այդ էլ ծայրաստիճան լարվածությունը տարածաշրջանում և սաստկացրել Գազայում շարունակվող պատերազմի տարածման վտանգը:

Երեկ իրանական Քերման քաղաքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով, ճշտված տվյալներով, 84 մարդ է սպանվել, 284-ը՝ վիրավորվել. սկզբնապես հաղորդվում էր առնվազն 103 զոհի և 170 վիրավորի մասին:

Սա ամենամահաբեր հարձակումն է Իրանի Իսլամական Հանրապետության պատմության մեջ, որը նախկինում բազմիցս է թիրախավորվել տարբեր խմբավորումների կողմից։

Զոհերի հիշատակին Իրանում այսօր սգո օր է հայտարարվել։ Իրանի իշխանություններին ցավակցել են ինչպես երկրի անմիջական հարևանները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, այնպես էլ Եվրամիությունը:

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկու պայթյունները 20 րոպե տարբերությամբ են տեղի ունեցել Քերման քաղաքում նույն րոպեներին, երբ հարյուրավոր մարդիկ երթով շարժվում էին դեպի իրանցի ազդեցիկ գեներալ, Իրանի վերջին տարիների արտաքին քաղաքականության գլխավոր ճարտարապետներից Քասեմ Սոլեյմանիի գերեզմանը՝ նշելու նրա մահվան չորրորդ տարելիցը։

«Քուդս» էլիտար ստորաբաժանման նախկին հրամանատարը, որն Իրանի կառավարության աջակցությամբ տարածաշրջանում զինված խմբավորումների հսկայական ցանց է ստեղծել, սպանվել է 2020 թվականի հունվարին Բաղդադի մերձակայքում ամերիկյան ուժերի օդային հարձակման հետևանքով։

Սոլեյմանիի մահվան հերթական տարելիցին նվիրված սգո երթի ընթացքում տեղի ունեցած արյունալի հարձակումների միակ վարկածն ահաբեկչությունն է, որի համար Թեհրանը Իսրայելին և Միացյալ Նահանգներին է մեղադրում։ Պայթյուններին հակառակորդ երկրների մասնակցությունը փաստող ապացույցներ, սակայն, Իրանի իշխանությունները մինչ այս պահը չեն ներկայացրել։

Հաղորդվում է, որ հարուցվել է քրեական գործ, իրավապահները հետաքննում են ողբերգական միջադեպը։

Չսպասելով քննության արդյունքներին՝ Իրանի նախագահն Իսրայելին պատասխան քայլով է սպառնացել: «Ես զգուշացնում եմ սիոնիստական ռեժիմին՝ չկասկածեք, գին եք վճարելու այս հանցագործության համար։ Այս հանցանքի համար, որը գործել եք, շատ եք զղջալու», - նախօրեին հայտարարել է Ռաիսին։

Իսրայելի իշխանությունները դեռևս չեն արձագանքել Թեհրանի մեղադրանքներին: Վաշինգտոնը կտրականապես հերքել է իր մասնակցությունը տեղի ունեցածին և պնդել՝ չկա որևէ պատճառ հավատալու, որ Իսրայելն է կանգնած արյունահեղության ետևում:

«Միացյալ Նահանգները որևէ կերպ ներգրավված չի եղել, և հակառակի մասին ենթադրությունները ծիծաղելի են։ Մենք նաև հիմք չունենք ենթադրելու, որ Իսրայելը մասնակցություն է ունեցել այդ պայթյունին», - հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

Այսօր օրվա վերջին հայտնի դարձավ, որ պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Արյունալի պայթյունն Իրանում տեղի է ունենում տարածաշրջանում աննախադեպ լարվածության ֆոնին։ Իրանի աջակցությունը վայելող «Համաս» խմբավորման դեմ Իսրայելի պատերազմը Գազայի հատվածում շարունակվում է անցած տարվա հոկտեմբերից։ Թեհրանի մյուս երկու դաշնակիցները՝ «Հեզբոլլա»-ն՝ Լիբանանում, և հութիները՝ Եմենում, զուգահեռաբար մի քանի ճակատ են բացել Իսրայելի դեմ՝ խաթարելով միջազգային նավագնացության անվտանգությունը և սրելով տարածաշրջանային պատերազմի վտանգը։

Իրանը դեռևս անմիջականորեն ներգրավված չէ պատերազմի մեջ։ Նախօրեին՝ Քերմանում տեղի ունեցած պայթյուններից հետո, Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին երկրի զինվորական վերնախավի հետ հանդիպմանը կոչ է արել «ռազմավարական համբերություն» ցուցաբերել և ցանկացած գնով խուսափել ԱՄՆ-ի հետ ուղիղ հակամարտության մեջ ներքաշվելուց, գրում է է ամերիկյան The New York Times պարբերականը՝ վկայակոչելով իրանական վերնախավին մոտ կանգնած իր աղբյուրները։

Չնայած Իրանի նախագահի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ Իսրայելի հասցեին սպառնալից հայտարարություններին, The New York Times-ի տեղեկություններով՝ Իսլամական Հանրապետության առաջնորդը բանակային հրամանատարներին ու հատուկ ծառայությունների ղեկավարներին հրահանգել է սահմանափակվել Իսրայելի դեմ գաղտնի գործողություններով և իրանամետ խմբավորումների կողմից Սիրիայում ու Իրաքում գտնվող ամերիկյան ռազմակաայնների դեմ հարձակումներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG