Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Իրանի Քերման քաղաքի գերեզմանատանը երեկ տեղի ունեցած պայթյուններից հետո չեղարկել է իր այցը Թուրքիա, հաղորդում է իրանական MEHR գործակալությունը՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով փոխտնօրեն Մոհամմադ Ջամշիդիին։
Վերջինս ասել է, որ Ռայիսին Անկարա կայցելի «մեկ այլ հարմար ժամանակ»։
Ըստ թուրքական Anadolu գործակալության՝ Թուրքիայի և Իրանի նախագահները երեկ հեռախոսազրույց են ունեցել։ Ռեջեփ Էրդողանը «դատապարտել է խաղաղ բնակչության նկատմամբ իրականացված ահաբեկչությունն» ու վստահեցրել, որ «Թուրքիան աջակցում է Իրանին ահաբեկչության դեմ պայքարում»։
Իրանի նախագահն այսօր առավոտյան պետք է մեկներ Անկարա։ Անցած շաբաթ Թուրքիայի նախագահն ասել էր, որ օրակարգում Գազայում և Սիրիայում իրավիճակն է, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները։
Ըստ իրանական կողմի՝ նոյեմբերի վերջին Ռայիսիի այցն Անկարա կրկին հետաձգվել էր՝ երկու երկրների արտգործնախարարների գրաֆիկների պատճառով․ այդ ժամանակ Թուրքիայի արտգործնախարարը գտնվում էր Նյու Յորքում՝ Գազայի հարցով մահմեդական երկրների «կոնտակտային խմբի» կազմում: