Խաղաղության պայմանագիրը կարող է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման հիմք դառնալ։ Այդ մասին այսօր AzTV հեռուստակայանի թղթակցին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Չի կարելի ասել, թե խաղաղության պայմանագիրը բոլոր հարցերի 100 տոկոսանոց լուծում է ապահովում, բայց այն կարող է հիմք դնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման համար։ Կարծում եմ, որ հայկական կողմի հետ հանդիպումները տեղի կունենան 2024 թվականին։ 2023-ին նման մի քանի հանդիպումներ անցկացվել են, բայց հետագայում դադար է եղել: Մենք հարցին շատ իրատեսորեն և լավատեսորեն ենք նայում», - ասել է Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը:
Նրա խոսքով, խաղաղության պայմանագիրը կարող է դառնալ երկու պետությունների միջև սկզբունքները սահմանող փաստաթուղթ, որը հիմք կստեղծի բարիդրացիական հարաբերությունների համար։
«Ադրբեջանը կձեռնարկի բոլոր քայլերը դրան հասնելու համար», - հավաստիացրել է Ջեյհուն Բայրամովը։