Մատչելիության հղումներ

Արեն Մկրտչյանը հերքում է, թե իրեն ծեծել են, ու կրակոցներն Ալավերդիում իր հետ կապ ունեն


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյան, արխիվ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյան, արխիվ

Ազգային ժողովի պատգամավոր Արեն Մկրտչյանը հերքում է, թե իրեն ծեծել են, ու որ երեկվա կրակոցներն Ալավերդիում իր հետ կապ ունեն։ Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամը երեկ ֆեյսբուքյան էջում, թերևս նկատի ունենալով մեկ ամիս առաջ Ալավերդիում ՔՊ-ի նախաձեռնությամբ իշխանությունից հեռացված «Ապրելու երկիր» կուսակցության անդամներին, գրել էր. - «Տեղի ունեցած իմփիչմենթից հետո հայտնի ուժերը չեն կարողանում մարսել կատարվածը` փորձելով մրոտել, արատավորել իմ բարի համբավը»։

Մկրտչյանը ծնունդով Ալավերդիից է: Այսօր «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ ամբողջովին սուտ են մամուլի հրապարակումները, թե Ալավերդիում համայնքապետի տեղակալի թեկնածու Արմեն Մալխասյանն իր թիմակիցներից դժգոհ է մնացել, որ իրեն խոստացել, բայց պաշտոն չեն տվել։ Ըստ մամուլի՝ այս հարցի շուրջ տեղակալի թեկնածուի ու Արեն Մկրտչյանի միջև պարզաբանումներ են եղել, ինչն էլ վերածվել է ծեծկռտուքի, իսկ հետո նաև կրակոցներ են եղել։

«Ֆեյսբուքյան էջում պաշտոնական պատասխանը դրված է, խնդրում եմ օգտվել իմ հերքումից՝ ես հերքել եմ էդ ամեն ինչը ծերից ծեր, առաջին տառից մինչև վերջակետը», - «Ազատության» հետ հեռախոսազրույցում հայտարարեց Մկրտչյանը:

Շաբաթներ առաջ իշխանությունն իմփիչմենթի միջոցով «Քաղաքացիական պայմանագրին» անցնելուց հետո ավագանու նիստի օրակարգում ընդգրկված էր ալավերդցի Արմեն Մալխասյանին համայնքապետի տեղակալ նշանակելու հարցը։ Հաջորդ օրն արդեն ՔՊ-ականներն օրակարգում փոփոխություն արեցին՝ համայնքի ղեկավարի տեղակալ նշանակվեց ոչ թե Արմեն Մալխասյանը, այլ՝ խմբակցության քարտուղար Հարություն Ձավարյանը։ Վերջինս ասաց՝ իրենց անդամներով մինչև նիստը քննարկել ու նման որոշում էին կայացրել. - «Մենք նախանիստեր ենք ունենում, նախանիստի ժամանակ մենք քննարկել ենք, քանի որ չէինք կարա պռոստը հանեինք, օրենքը ասում ա՝ պտի եթե օրակարգից հարց ես հանում, պտի քվեարկությամբ հանես, մենք քվեարկել ենք նիստի ժամանակ հանել ենք, որպեսզի օրենքի խախտում չունենանք»:

«Այդ դեպքում կարող էր իսկապես Արմեն Մալխասյանի մոտ դժգոհություն առաջանալ: Արդյո՞ք այդ դժգոհությունը չի առաջացել, և արդյո՞ք Արմեն Մալխասյանը ինքը մասնակցել է այդ քննարկմանը, երբ որպես թեկնածու հանվել է», - «Ազատության» այս հարցին Ձավարյանն արձագանքեց. - «Արմենը մեր ընկերն ա, ինքը շատ, մարդավարի իրար հետ նստել ենք, խոսացել ենք, մարդը մեզ հասկացել ա, ընդամենը էդ ա»:

Իր՝ քրեական հեղինակություն լինելու և պատգամավորի հետ հարաբերություններ պարզելու մասին լուրերը հերքեց նաև ինքը՝ Արմեն Մալխասյանը։ Պնդեց, թե ինքն է հրաժարվել տեղակալի թեկնածությունից. - «Վաբշե իրականությանը չի համապատասխանում»:

«Ազատություն». - Իսկ այն, որ ամեն դեպքում Դուք տեղակալ չեք նշանակվել՝ չնայած որ նիստի օրակարգում ընդգրկված էր այդ հարցը, ինչո՞վ է դա պայմանավորված:

Մալխասյան. - Թենց բան էլ չի էլել, թենց բան չկա, չգիտեմ էդ ով ա ինչ ասել, ում խելքն ինչ կտրում՝ գրում ա:

«Ազատություն». - Ավագանու նիստում ընդգրկված է եղել, որ Ձեզ պետք է նշանակեն...

Մալխասյան. - Ե՛ս չեմ ուզել, դա ե'ս չեմ ուզել, որ նշանակեն:

Իրավապահները հաստատում են երեկ Ալավերդիում կրակոցների փաստը։ Քննչականից «Ազատությանը» հայտնեցին, որ կրակոցներից վնասվածք ստացած անձ չկա, ձերբակալվածներ՝ նույնպես։ Խուլիգանության և սպանության փորձի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել: Ոստիկանությունից ասացին՝ միջոցներ են ձեռնարկում կողմերին հայտնաբերելու ուղղությամբ։

Մոտ մեկ ամիս առաջ Ալավերդու ավագանին վիճահարույց ընտրություններով պաշտոնանկ արեց «Ապրելու երկիր» կուսակցության միջոցով համայնքապետ ընտրված Արկադի Թամազյանին, որ ընդամենը մեկ տարի էր ղեկավարել համայնքը։ Թամազյանի թիմակիցներից մեկին իր կողմը քաշելուց հետո ավագանիում մեծամասնություն ստացած «Քաղաքացիական պայմանագիր»-ը համայնքի ղեկավար ընտրեց խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանին։ Իմփիչմենթի ամբողջ գործընթացի ժամանակ պատգամավոր Արեն Մկրտչյանն Ալավերդիում էր, ներկա էր ընտրություններին, դրանից հետո էլ ակտիվ հրապարակումներ է անում Ալավերդիում իշխանության ծրագրերի մասին ու խոստումներ տալիս։

Ալավերդու նախկին իշխանության պնդմամբ՝ Արեն Մկրտչյանը մեծ դերակատարություն ունի խոշորացված համայնքի կառավարման գործում։ Ի սկզբանե Ալավերդու համանքապետի ՔՊ-ի թեկնածուն հենց Մկրտչյանն էր, բայց մեկ տարի առաջ, երբ կուսակցությունն այստեղ մեծամասնություն չստացավ, Մկրտչյանն ավագանու մանդատը չվերցրեց ու վերադարձավ խորհրդարան։

Երկու օր առաջ վարչական դատարանը վարույթ է ընդունել Ալավերդիում պաշտոնանկ արված Արկադի Թամազյանի հայցը, որով նա վիճարկում է իր իմփիչմենթը։ Փետրվարի 5-ին նշանակված է առաջին դատական նիստը։

XS
SM
MD
LG