Մատչելիության հղումներ

Արցախում պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական աջակցություն է տրամադրվում


Արցախ - Ադրբեջանական զինուժը ռմբակոծում է Ստեփանակերտը, հոկտեմբեր, 2020թ․
Արցախ - Ադրբեջանական զինուժը ռմբակոծում է Ստեփանակերտը, հոկտեմբեր, 2020թ․

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երկու օր առաջ հաստատել է 44-օրյա պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման մասին կառավարության որոշումը:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրության համաձայն՝ միջոցառումն իրականացվելու է Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից: Շահառուին գույքի փաստացի կորստի դիմաց պետական ֆինանսական աջակցությունը կտրամադրվի դրամական օգնության ձևով և/կամ գանձապետական տարեկան 10 տոկոս եկամտաբերությամբ և մարման 5 տարի ժամկետով հասարակ մուրհակների տրամադրմամբ: Աջակցության գումարի մինչև 5 միլիոն դրամը կտրամադրվի դրամական օգնության ձևով, իսկ 5 միլիոն դրամը գերազանցող մասը՝ մուրհակների տրամադրմամբ, որոնց թողարկումը, տրամադրումը, շրջանառությունը, հաշվառումն ու մարումը իրականացվելու է կառավարության սահմանած կարգով:

Կառավարության որոշման համաձայն, եթե ծրագրի շահառուին տրամադրվել է նաև պետական աջակցություն վարկային պարտավորությունների կատարման համար, ապա սույն միջոցառման շրջանակում աջակցությունը կտրամադրվի գույքի կորստի գնահատված չափի և վարկային պարտավորությունների համար տրամադրված աջակցության դրական տարբերության դեպքում՝ միջոցառմամբ սահմանված չափերով:

Սահմանված են աջակցության ենթակա կորսված գույքի տեսակները և դրանց համապատասխան աջակցության չափերը:

Նույն օրը Արայիկ Հարությունյանի կողմից հաստատված կառավարության մեկ այլ որոշմամբ կատարվել են փոփոխություններ և լրացումներ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրում: Ընդլայնվել է ծրագրի շահառուների շրջանակը. ընդգրկվել են նաև գրավատների վարկառուները:

Համաձայն որոշման՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում բնակված ֆիզիկական անձանց հիփոթեքային և սպառողական վարկերի ողջ պարտավորությունների չափով տրամադրվող աջակցությունը կիրառվելու է նաև ֆինանսավարկային կազմակերպություններում առկա պարտավորությունների նկատմամբ:

Բռնազավթված տարածքներում տնտեսական գործունեություն իրականացրած, ինչպես նաև պատերազմական գործողությունների հետևանքով կորուստ կրած և ֆինանսավարկային կազմակերպություններում բիզնես վարկային պարտավորություններ ունեցող ծրագրի շահառու հանդիսացող տնտեսվարող սուբյեկտներին ևս կտրամադրվի աջակցություն կորստի չափով, բայց ոչ ավել, քան այդ պարտավորությունների 50 տոկոսը:

Նույն օրը Արցախի նախագահն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ստեղծվել է պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցության պետական հանձնաժողով, որի նախագահ է նշանակվել Արցախի կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Կարեն Շահրամանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG