Վարչապետի կոչը՝ դատական գործերով փորձել հերքել պաշտոնյաների մասին տարածվող տեղեկությունները, անընդունելի է Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանի համար։
Կոռուպցիայի ընկալման սանդղակում անցած տարվա հետընթացից մտահոգված Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողով-Կառավարություն երեկվա հարցուպատասխանի ընթացքում չթաքցրեց՝ ինչ-որ բան այնպես չեն անում։ Բայցև համոզված էր՝ այդ հաշվարկներում դեր ունեն նաև պաշտոնյաների մասին լրատվամիջոցների հրապարակումները։ Նախկին լրագրող, այսօր վարչապետ Փաշինյանն առաջարկեց որևէ հրապարակում անարձագանք չթողնել։
«Օրինակ, մասնավորապես, ես կարծում եմ, որ էդտեղ ունի նաև դեր լրատվամիջոցների կողմից արված հրապարակումները այս կամ այն պաշտոնյայի կողմից, չգիտեմ, տարբեր կոռուպցիոն գործարքների վերաբերյալ: Եվ ես ուզում եմ առաջարկել բանաձև, որ էդպիսի որևէ հրապարակում անարձագանք չմնա, եթե ճիշտ չէ, ուրեմն՝ պետք է քաղաքացիական հայցի կարգով գնալ և հետևողական լինել: Թող երկու տարի հետո լինի որոշումը, մի տարի հետո լինի, որովհետև դատական գործերը երբեմն արհեստական կամ բնական ձգձգվում են», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում:
Վարչապետը, կարծում է Բորիս Նավասարդյանը, խրախուսում էր պաշտոնյաներին դատարաններ գնալ, լավ կլիներ հակառակն աներ՝ խրախուսեր չգնալ։
«Եթե խոսքը գնում է պաշտոնյաների մասին, ապա ժողովրդավարական երկրներում ընդունված է մի սկզբունք, որ իրենք պետք է հանդուրժող լինեն քննադատական հրապարակումների նկատմամբ լրատվամիջոցներում և չդիմեն լրագրողների և լրատվամիջոցների դեմ դատարան: Ես կարծում եմ, որ երկրի ղեկավարի կոչը հենց այդպիսին պետք է լիներ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Նավասարդյանը:
Բայց նաև, Երևանի մամուլի ակումբի նախագահի խոսքով, «պետք է հասկանալ, որ Հայաստանի իրողություններում բազմաթիվ հրապարակումներ, որոնք ապացուցելի չեն՝ կոռուպցիայի դեպքերի հետ կապված, որ բավականին փակ է այսօր տեղեկություններ ստանալու հնարավորությունը լրատվամիջոցների մոտ, քանի որ որոշ ուղղություններ պետական մարմինների աշխատանքի այսօր պետական գաղտնիքի ցանկում են հայտնվել»:
«Եվ լրագրողները, չունենալով ավելի հուսալի խողովակ տեղեկություններ ստանալու, հենվում են ասեկոսեների, բամբասանքների վրա, այդ երևույթը կա: Եվ որքան պետությունը թափանցիկ կլինի, այդքան քիչ կլինեն նաև այն սխալները կամ իրավիճակի խեղաթյուրումը, որոնք մենք որոշ դեպքերում տեսնում ենք լրատվամիջոցներում», - ընդգծեց Բորիս Նավասարդյանը: