Մատչելիության հղումներ

Արախամիա. 2022-ի գարնանը Մոսկվան համաձայն էր դադարեցնել պատերազմը, եթե Կիևը չեղարկեր ՆԱՏՕ-ին անդամակցելու պլանները


Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Դավիթ Արախամիա, արխիվ
Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Դավիթ Արախամիա, արխիվ

2022 թվականի գարնանը Մոսկվան համաձայն էր դադարեցնել Ուկրաինայի դեմ պատերազմը, եթե Կիևը չեղարկեր ՆԱՏՕ-ին անդամակցելու պլանները։ Այս մասին 1+1 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ներկայացուցիչների հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության ղեկավար, պատգամավոր Դավիթ Արախամիան։

«Որպեսզի մենք չեզոքություն պահպանենք․ սա էր նրանց համար ամենակարևորը։ Նրանք պատրաստ էին ավարտել պատերազմը, եթե մենք, ինչպես ժամանակին Ֆինլանդիան, չեզոքություն դրսևորեինք և պարտավորվեինք, որ չենք միանա ՆԱՏՕ-ին», - ասել է Արախամիան:

Ըստ ուկրաինացի բանագնացի, Կիևը հրաժարվել է այդ պահանջը կատարելուց երկու պատճառով. նախ՝ դրա համար անհրաժեշտ էր փոխել երկրի Սահմանադրությունը, քանի որ այն ամրագրում է ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի ցանկությունը, երկրորդ պատճառն անվստահությունն էր ռուսական կողմի նկատմամբ, որ նա կկատարի պայմանավորվածությունը: «Դա հնարավոր է անել միայն անվտանգության երաշխիքների առկայության դեպքում», - նշել է Արախամիան՝ չհստակեցնելով, թե արդյո՞ք անվտանգության երաշխիքների առկայության դեպքում Կիևը կկատարի Մոսկվայի պահանջը։

Ուկրաինացի բանագնացը հավելել է, որ այդ ժամանակ Կիև ժամանած Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խորհուրդ էր տվել ոչինչ չստորագրել և «ուղղակի պատերազմել»։

XS
SM
MD
LG