Մատչելիության հղումներ

Շահրամանյանն ԱԺ-ում մասնակցեց քննիչ հանձնաժողովի նիստին


Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր մասնակցեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին։

Նիստն ընթացավ փակ ձևաչափով։ Այն մեկնարկել էր ժամը 11-ին և տևեց մոտ երեք ժամ:

Նիստի ավարտից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը որոշ մանրամասներ փոխանցեց (տե՛ս այստեղ):

Ամսվա սկզբին էր քննիչ հանձնաժողովը գրավոր նամակ ուղարկել Շահրամանյանին։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պարզաբանել էր՝ ցանկանում էին հանձնաժողով հրավիրել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, նաև պատերազմի օրերին Արցախի պաշտպանության բանակը ղեկավարած Ջալալ Հարությունյանին, բայց Արցախի նախկին նախագահը Բաքվի բանտում է, իսկ Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի դեպքում «խոչընդոտը նրա քրեական գործն է»։

Ըստ Քոչարյանի՝ քննարկել և որոշել են Ջալալ Հարությունյանի և Արայիկ Հարությունյանի փոխարեն մի շարք հարցերի պատասխաններ ստանալ Արցախի վերջին նախագահից:

Շահրամանյանն ընդունել է հանձնաժողով ներկայանալու հրավերը:

Քննիչ հանձնաժողովը, մասնավորապես, Սամվել Շահրամանյանից ուզում է լսել «պետական դավաճանության, դիվերսանտների և նրանց գոյության մասին, նաև պատերազմի մինչև սկսվելը տեղեկատվության հետ կապված հարցերի պատասխանները»։

XS
SM
MD
LG