Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը դեռ չի արձագանքել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով ներկայանալու հրավերին, «Ազատության» հարցին ի պատասխան, տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Շատ կարևոր է և՛ պարոն Շահրամանյանին, և՛ պարոն Հարությունյանին քննիչ հանձնաժողովում լսելը», - ասաց Քոչարյանը՝ նաև փոխանցելով, որ առավոտյան խոսել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի հետ և հնարավոր է՝ նա էլ ներկայանա հանձնաժողովի նիստին։
«Այնտեղ մի փոքր իրավական խնդիր կա, եթե դա էլ լուծվի, կարծում եմ, նա էլ կկարողանա մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին»,- ասաց Քոչարյանը՝ այդպես էլ չհստակեցնելով, թե իրավական ինչ խնդրի մասին է խոսքը։
Երկու օր առաջ է քննիչ հանձնաժողովը հրավեր ուղարկել Շահրամանյանին։ Քոչարյանն այն ժամանակ պարզաբանել էր, որ ցանկանում էին հանձնաժողով հրավիրել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, նաև պատերազմի օրերին Արցախի պաշտպանության բանակը ղեկավարած Ջալալ Հարությունյանին, բայց Արցախի նախկին նախագահը Բաքվի բանտում է, իսկ Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի դեպքում «խոչընդոտը նրա քրեական գործն է»։ Հանձնաժողովի նախագահը նաև ասել էր, որ քննարկել ու որոշել են Ջալալ Հարությունյանի և Արայիկ Հարությունյանի փոխարեն մի շարք հարցերի պատասխաններ ստանալ Արցախի վերջին նախագահից: