Մատչելիության հղումներ

ՀՀ վարչապետն ու Իրաքի նախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրաքի նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդն այսօր կայացած հանդիպմանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերը:

«Հույս ունեմ Ձեր այցի ընթացքում տնտեսական համագործակցությունն ավելի կխորանա: Իհարկե, հիմա նաև աշխարհում և տարածաշրջանում բավականին բարդ իրավիճակ է, և ուրախ կլինեմ Ձեր գնահատականները լսել ընդհանուր իրավիճակի և լուծումների վերաբերյալ», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Իրաքի նախագահն իր հերթին նշել է. «Ցանկանում եմ նաև իմ զորակցությունը հայտնել հայ ազգին` տեղի ունեցած արհավիրքի` Հայոց ցեղասպանության կապակցությամբ: Անձամբ ներկա եմ գտնվել Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Կարևոր եմ համարում ընդգծել Իրաքի հայ համայնքի դերը, որի առկայությունը մեր երկրում գալիս է հնագույն ժամանակներից, խոսքը գնում է մոտ 10 հազար տարվա մասին: Իրաքի ժողովուրդը մեծ օգուտներ է քաղել հայ բնակչությունից, որոնց թվում են` բժիշկներ, գիտնականներ, տարբեր ոլորտների մասնագետներ»:

Հայաստանի վարչապետը և Իրաքի նախագահը քննարկել են տնտեսության, առևտրաշրջանառության, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, ջրային պաշարների, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Իրաքի նախագահը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել երեկ: Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդը Իրաքի առաջին նախագահն է որ այցելում ՀՀ:

Նոյեմբերի 19-ին Ռաշիդը Բաքվում էր։ Նրա հետ հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բողոքել էր, թե «այժմ Հայաստանն օգտագործում է իր սփյուռքը Ադրբեջանի դեմ հարձակումների համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG