Ղարաբաղ վերադառնալու ցանկություն ունեցող հայերի համար Ադրբեջանը կստեղծի անհրաժեշտ պայմաններ:
Այդ մասին, ըստ ԱՊԱ ադրբեջանական լրատվական գործակալության, հայտարարել է Ադրբեջանի միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնի (CAIR) ղեկավար Ֆարիդ Շաֆիևը:
Նրա հավաստիացմամբ, Ղարաբաղում բնակարանները և մշակութային հուշարձանները պահպանում են հատուկ ջոկատայինները։ Տները կապարակնքված են, և ոչ ոք ներս չի մտնում։
«Արդարադատության միջազգային դատարանի որոշման մի մասը վերաբերում է այս հարցին։
Սա Ադրբեջանի պարտավորությունն է։ Դժվար է ասել, թե գործնականում ինչպես դա կիրականացվի: Կարծում եմ, ինչպես արդեն հայտնել է Ադրբեջանի կառավարությունը, բոլորն, ովքեր կցանկանան վերադառնալ, դրա համար ժամանակ կստանան: Ովքեր կցանկանան վերջնականապես վերադառնալ՝ կվերադառնան, կամ եթե ինչ-որ մեկն ուզի գալ ու վերցնել իրերը՝ նրան այդպիսի հնարավորություն կտրվի»,- ասել է Շաֆիևը:
Նրա փոխանցմամբ, երկրի արտաքին գերատեսչությունն արդեն հայտարարել է, որ Ադրբեջանը կկատարի դատարանի որոշումը: