Մատչելիության հղումներ

Ֆինլանդիան կփակի Ռուսաստանի հետ սահմանային անցակետերը


Ֆինլանդիան նոյեմբերի 24-ից կփակի Ռուսաստանի հետ գրեթե բոլոր սահմանային անցակետերը՝ փորձելով կասեցնել ապաստան հայցողների հոսքը, հաղորդում է «Ազատության» ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով՝ Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոնի երեկվա մամուլի ասուլիսը։

Ֆինլանդիան դեռ բաց կպահի միայն հյուսիսային մեկ սահմանային անցակետ։ Խոսքը «Ռաջա-Ջոսեպ»-ի մասին է, որը հայտնի է նաև «Լոտտա» անվամբ։ Այն գտնվում է Ռուսաստանի Մուրմանսկ քաղաքից 240 կիլոմետր հեռավորության վրա։ Այն կփակվի դեկտեմբերի 23-ից ոչ շուտ։

Օրպոնի խոսքով՝ «իրական ջանք է պահանջում այնտեղ հասնելու համար»։

Շաբաթ օրը, երբ Ֆինլանդիայի կառավարությունը հայտարարեց, որ կփակի Ռուսաստանի հետ իր արևելյան սահմանի չորս անցակետերը, միգրանտները տեղափոխվել են այլ սահմաններ, հայտնել է վարչապետը։

«Անկասկած, Ռուսաստանն օգտագործում է միգրանտներին՝ Ֆինլանդիայի դեմ իր «հիբրիդային պատերազմի» շրջանակներում», - իր հերթին հայտարարել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը։

Կրեմլը հերքում է Հելսինկիից հնչող մեղադրանքները։

ԵՄ սահմանային Frontex գործակալությունը հայտնում է, որ ի պատասխան Հելսինկիի խնդրանքի, ծրագրում է արդեն հաջորդ շաբաթ սարքավորումներ տեղակայել Ֆինլանդիայի սահմաններին։

Ըստ Ֆինլանդիայի լրատվամիջոցների՝ նոյեմբերի սկզբից երրորդ երկրների ավելի քան 500 քաղաքացիներ ապաստան են հայցել Հելսինկիից՝ ժամանելով Ռուսաստանի սահմանով։ Նրանց թվում են Սիրիայի, Եմենի, Իրաքի, Սոմալիի, Աֆղանստանի քաղաքացիներ։

XS
SM
MD
LG