Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը պաշտոնական այցով ժամանել է Չինաստան, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Վոլոդինը Պեկինում կլինի մինչև նոյեմբերի 23-ը։
Նախատեսված են հանդիպումներ Ազգային Ժողովրդական Կոնգրեսի մշտական կոմիտեի ղեկավարության և ՉԺՀ այլ պաշտոնյաների հետ։ Ակնկալվում է, որ հանդիպումներում կքննարկվեն Ռուսաստանի և Չինաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության զարգացման, ինչպես նաև երկու երկրների միջև փոխգործակցության ամրապնդման հարցեր, մասնավորապես, տնտեսության, անվտանգության, առևտրի, կրթություն և գիտություն ոլորտներում։
Ուկրաինա ներխուժելուց հետո Ռուսաստանը շեշտում է, թե չափազանց կարևորում է հարաբերությունները Ասիական երկրների և հատկապես Չինաստանի հետ։ Այս տարի ակտիվացել են Մոսկվայի և Պեկինի միջև փոխայցելությունները․ հոկտեմբերի17-ին Պեկինում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մի քանի օր անց Պեկին ժամանեց Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Այս տարվա մարտին Չինաստանի նախագահ Սի Ծինպինն էր եռօրյա այցով Մոսկվայում, օգոստոսին էլ Չինաստանի պաշտպանության նախարարը ժամանեց Ռուսաստան՝ այս տարվա մեջ արդեն երկրորդ անգամ։
Թեև Պեկինը հայտարարում է ռուս-ուկրաինական պատերազմում իր չեզոքության մասին, սակայն արևմտյան մամուլը գրում է, որ Չինաստանը պատրաստվում է ռազմական օգնություն ցուցաբերել Ռուսաստանին։