Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտինը երկօրյա այցով ժամանել է Պեկին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր երկօրյա այցով ժամանել է Պեկին: Մարտին Հաագայի Միջազգային քրեական դատարանի կողմից նրա նկատմամբ ձերբակալման հրաման արձակելուց հետո սա Պուտինի երկրորդ արտասահմանյան այցն է․ առաջինն անցած շաբաթ կատարած այցն էր Ղրղըզստան։

Չինաստանի մայրաքաղաքում Պուտինը մասնակցում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ֆորումին, նախատեսված են նաև նրա մի շարք երկկողմ հանդիպումները Վիետնամի, Հունգարիայի, Թայլանդի, Մոնղոլիայի և Լաոսի առաջնորդների հետ։

Առանցքայինը այցի օրակարգում, իհարկե, նրա հանդիպումն է Չինաստանի ղեկավարի հետ: Պեկին մեկնելուց առաջ Ռուսաստանի նախագահը չինական մեդիակորպորացիային տված հարցազրույցում նախ ասել է, թե Չինաստանի նախագահ Սի Ծինփինին ընկեր է համարում, հետո էլ հավելել․ «Իհարկե, նախագահ Սի Ծինփինը բոլորովին այլ տեսակի մարդ է: Նա հիմնավոր է, հանգիստ, բիզնես մտածողություն ունի և հուսալի գործընկեր է, ես կուզենայի սա ընդգծել»:

Քսան տարուց ավելի Ռուսաստանը ղեկավարող Պուտինը նաև գովելով Չինաստանի առաջնորդին, ընդգծել է, որ Սի Ծինփինը ժամանակավոր կառավարիչ չէ:

Ի դեպ՝ Պուտինի մամուլի քարտուղարն այսօր անդրադառնալով եկող տարի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին Վլադիմիր Պուտինի մասնակցությանը հայտարարել էր, թե իր համոզմամբ՝ Պուտինն այսօր Ռուսաստանում մրցակից չունի և չի կարող ունենալ:

«Մենք բազմիցս ասել ենք, որ Պուտինն, իհարկե, մեր երկրի թիվ մեկ քաղաքական և պետական գործիչն է։ Իմ անձնական կարծիքը, թեև ես իրավունք չունեմ դա ասելու, բայց, խախտելով կանոնները, կարող եմ ասել, որ նա Ռուսաստանի Դաշնությունում չունի մրցակիցներ և չի կարող ունենալ», - նշել է Դմիտրի Պեսկովը:

Ուկրաինա ներխուժելուց հետո Ռուսաստանը շեշտում է, թե չափազանց կարևորում է հարաբերությունները Ասիական երկրների և հատկապես Չինաստանի հետ։ Պեկինը, մինչդեռ, ուկրաինական պատերազմում որդեգրել է չեզոք դիրքորոշում, ու թեև Չինաստանը չի միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, Մոսկվան ակնկալած աջակցությունը չի ստացել։

Այդուամենայնիվ, այցը ռուսական մեդիաները ներկայացնում են որպես գրեթե պատմական և ընդգծում՝ Պեկինը բազմաբևեռ աշխարհ ունենալու հարցում Մոսկվայի բնական և հավատարիմ գործընկերն է։ Չինական մեդիակորպորացիային տված հարցազրույցում Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է․ - «Մեր սեփական պատկերացումները, օրինակ, Մեծ Եվրասիայի կառուցման վերաբերյալ լիովին համընկնում են «մեկ գոտի, մեկ ճանապարհ» շրջանակներում առաջարկված չինական գաղափարների հետ»։

Վաղը որպես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ֆորումի գլխավոր հյուր՝ Պուտինը ելույթ կունենա Սի Ծինփինից հետո և նույն օրը կկայանան նրանց բանակցությունները:

Վլադիմիր Պուտինը երկօրյա այցով ժամանել է Պեկին
please wait

No media source currently available

0:00 0:03:29 0:00

XS
SM
MD
LG