Մատչելիության հղումներ

Ռուսական դասագրքերի մուտքը չի արգելվել, ինչպես կարգն է ներկայացվել են փորձաքննության. նախարարություն


Ռուսական դասագրքերի մուտքը չի արգելվել, հայտարարում են Կրթության նախարարությունից, նշելով, որ դրանք, ինչպես կարգն է ներկայացվել են փորձաքննության:

Երեկ Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովն էր իր տելեգրամ ալիքում գրել, որ ռուսական մոտ 50 հազար դասագիրք են ուղարկել Հայաստան, հենց Հայաստանի Ազգային ժողովի նախաձեռնությամբ և ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերում հայ պատգամավորների դիմումներից հետո, բայց Կրթության նախարարությունը կասեցրել է դրանց բաշխումը դպրոցներ: Վորոբյովը նշել էր, որ դա կատարվել է փորձաքննության պատրվակով ու տեղի ունեցածը անհեռատես քաղաքական ինտրիգ էր անվանել:

Կրթության նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանն ասում է՝ ոչ մի քաղաքական խնդիր չկա, Հայաստանի օրենքներից բխող բնականոն գործընթաց է. - «Քաղաքական ինչ-որ կոնտեքստ է փորձ արվում տալ այս գործընթացին, բայց բացարձակ նման մոտեցում չենք ունեցել»:

Սարգսյանի խոսքով՝ թե՛ հայկական, թե՛ ոչ հայկական որևէ բովանդակություն փորձաքննության կարիք ունի միչև աշակերտի սեղանին հասնելը՝ լինի դա գիրք, ուսուցողական նյութ, թե աշխատանքային տետր:

«Հանրակրթական դպրոցներ մտնող բոլոր դասագրքերը, ուսումնական նյութերը, աշխատանքային տետրերը, ծրագրերը, մի խոսքով այն ամենը, ինչ մուտք է գործում դպրոց, անցնում է փորձաքննության փուլ, այդ փորձաքննության արդյունքում ստանում է երաշխավորման եզրակացություն և նոր դրանից հետո մուտք է լինում դպրոց», - ասաց նախարարության ներկայացուցիչը:

Ո՞ւմ համար են բերվել ռուսերեն դասագրքերը, ըստ Թամարա Սարգսյանի՝ դրանք ռուսական դասարաններ ունեցող 4,5 տասնյակ դպրոցների համար են, փորձաքննություն էլ առաջիկա մեկ երկու շաբաթների ընթացքում կավարտեն. - «30 անուն դասագիրք պետք է փորձաքննվի, բայց կարծում եմ՝ երկար ժամանակահատված դա չի տևելու, գուցե մեկ շաբաթվա ընթացքում»:

Ըստ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի՝ դպրոց մտնող յուրաքանչյուր նյութի փորձաքննությունը պարտադիր է՝ անկախ լեզվից:

«Դա մեզ մոտ պարտադիր պրոցեդուրա է անգամ հայաստանցիների համար, Հայաստանում էլ, եթե ամենանշանավոր մարդը, այսպես ասած, գիրք է գրում և ցանկություն ունի այդ գիրքը ներդնել դպրոցում, ինքն անպայման պետք է դիմի նախարարություն և անցնի փորձաքննություն, դա շատ հայտնի պրակտիկա է, գոյություն ունի դրա մասին հատուկ կարգ: Գրքից օգտվելու են աշակերտները, բնականաբար, պետք է նայել, կարող են այդ գրքում լինել ինչ-որ նկարներ, տեքստեր, որոնք տվյալ երեխայի համար անհամապատասխան են կամ կարող են պարունակել որոշակի ռիսկեր», - ասաց Խաչատրյանը:

Այս հարցը, ըստ Յուրի Վորոբյովի, Բիշքեկում գտնվող իրենց պատվիրակությունը բարձրացրել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի առջև: Ռուբինյանը ևս Բիշքեկում է և մասնակցում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին:

Ռուբեն Ռուբինյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, բայց ըստ ՏԱՍՍ-ի, նա Բիշքեկում իր ելույթում նշել է, որ Հայաստանում պահպանվում է ռուսերենով կրթությունը թե՛ դպրոցներում, թե՛ բուհերում, ռուսերեն գիտի բնակչության մեծ մասը:

XS
SM
MD
LG