Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքների մշակութային արժեքների ոչնչացման հարցով Երևանը դիմել է բոլոր հնարավոր միջազգային գործընկերներին, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա նշեց, որ նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի այցն է տարածք Ադրբեջանը արգելում։
Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.
Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունն այսօր ահազանգեց, որ Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին վերածում է մզկիթի։
«Պատմության բռնայուրացում, մշակութային ինքնության ոչնչացում, կրոնական անհանդուրժողականություն, կեղծում», - ասված է ծառայության գրառման մեջ:
«Այս պահին մենք հնարավոր ամեն բան ձեռնարկում ենք, դիմել ենք բոլոր հնարավոր միջազգային գործընկերներին՝ մշակութային արժեքների ոչնչացման խնդիրը բարձրացնելու հարցով։ Պատերազմից անմիջապես հետո հետամուտ ենք եղել, դիմել ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որ փաստահավաք առաքելություն իրականացվի տարածաշրջան։ Ունենք 1500 մշակույթի անշարժ հուշարձաններ այնտեղ, 8 թանգարան՝ շուրջ 20 հազար ցուցանմուշներով։ Սակայն այս այցը խոչընդոտվեց Ադրբեջանի կողմից», - անդրադառնալով ահազանգին՝ ասաց նախարարը։
Դիմորդներին, ովքեր նախարարին խնդրանք էին ուղղել, որ երկրորդ հնարավորություն տրվի վերահանձնելու քննությունը, քանի որ տեխնիկայի միջոց՝ հեռախոս է եղել քննության ժամանակ իր հետ՝ առողջական խնդիրների պատճառով ծնողներին դիմելու համար, կամ այլ խնդիրներ են ծագել, նախարարը նշեց, որ ընթացակարգը բոլորի համար նույնն է, չի լինում նման հնարավորություն, միաժամանակ նշեց, որ քննությունների ժամանակ բուժօգնություն տրամադրելու համար անհրաժեշտ մասնագետները տեղում են լինում։
Ակադեմիական քաղաքի համար հիմնադրամի տնօրեն է ընտրվել
Ակադեմիական քաղաքի գործարկման գործընթացը սկսված է, հայտնեց նախարարը։ Նրա ներկայացմամբ՝ հիմնադրամի տնօրեն է ընտրվել, հիմնադրամին շուտով կհատկացվի այն գույքը, որի հիման վրա նախատեսված է կառուցել քաղաքը. - «Զուգահեռ բանակցություններ ենք վարում ճարտարապետական ընկերության հետ Գերմանիայից, որը նախատեսում է, որ գլխավոր հատակագիծը կմշակի»։
Այնուհետև, ըստ Անդրեասյանի, կսկսվի բուն շինարարական գործընթացը։
Ռուսական դպրոցների մասին
Անդրադառնալով օգտատերերի հարցերին Հայաստանում ռուսական դպրոցներում չբացելու մասին՝ նախարարը պարզաբանեց. - «Ես բազմիցս նշել եմ, որ մեր որոշ դպրոցներ ունեն ռուսերենով ուսուցման դասարաններ։ Սա նոր բան չէ, այս դասարանները գործում են անկախությունից ի վեր։ Դրանք ռուսական դպրոցներ չեն, հայկական են, ինչպես Պուշկինի անվան դպրոցը Երևանում»։
Այդ դպրոցներում, նախարարը շեշտեց, հայերենի ուսուցումը պարտադիր է. - «Ինչ վերաբերում է համատեղ դպրոցին, ես ասել եմ, որ այդ դպրոցը հնարավոր է գործարկել միայն մեր օրենսդրության շրջանակներում, և մեր օրենսդրությամբ պարտադիր է, որ մեր քաղաքացիների երեխաները սովորեն հայերենով։ Մեզ մոտ, օրինակ, կա հայ-չինական բարեկամության դպրոց, դա հայերենով ուսուցմամբ հայկական դպրոց է»։
Այնտեղ լրացուցիչ դասաժամեր են հատկացվում լեզվի ուսուցանմանը, հավելեց կրթության նախարարը։
Ռուսական կողմի գործընկերների հիմա քննարկվում է նմանատիպ մոդելով հայկական օրենսդրության շրջանակներում համատեղ կրթական ծրագիր ունենալու հնարավորությունը, որը հայերենով ուսուցմամբ կարող է ունենալ ռուսերենի խորացված ուսուցում, այսինքն՝ հավելյալ դասաժամեր, նշեց նա. - «Կրկնում եմ՝ ռուսական դպրոցի թեմա մենք չունենք»։
Ժաննա Անդրեասյանն ասաց, որ Ռուսաստանի երեք նահանգներում հայերենի ուսուցումը հնարավոր է որպես կամընտրական առարկա. - «Բնականաբար, մենք այս հարցը անընդհատ բարձրացնում էինք։ Ունեինք խնդիր, որ մեր հայերենի դասագրքերը ներառված չեն իրենց դասագրքերի ֆեդերալ ցանկում, որը հնարավոր չէր դարձնում այդ դասագրքերի փոխանցումը և ներառումը։ Այս հարցում ունենք առաջընթաց՝ դրանք արդեն ընդգրկվել են ֆեդերալ ցանկ, ինչը նշանակում է, որ կկարողանան հանգիստ օգտագործել հայերենի դասաժամերի ժամանակ։
Ինչ վերաբերում է հայերենով ուսուցման հնարավորությունների մեծացմանը տարբեր դպրոցներում, սա էլ մենք քննարկում ենք, որպեսզի այն տեղերում, որտեղ հայազգի բնակչությունն ավելի շատ է, այդ հնարավորությունը մեծանա։ Կա պատրաստակամություն ռուսական կողմից»։