Մատչելիության հղումներ

Ջո Բայդենն ու Սի Ծինփինը մոտ չորս ժամ բանակցել են Սան Ֆրանցիսկոյում


ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում երեկ կայացել է ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահներ Ջո Բայդենի և Սի Ծինփինի հանդիպումը։

Բանակցությունները տևել են մոտ չորս ժամ, հաղորդում է Reuters-ը՝ նշելով՝ Ջո Բայդենը և Սի Ծինփինը պայմանավորվել են նախագահական թեժ գիծ ստեղծել, վերսկսել ռազմական հաղորդակցությունը։

Reuters-ը ընդգծում է, որ նշանակալից առաջընթացի արդյունքում երկու կառավարությունները նախատեսում են վերականգնել ռազմական շփումները, որոնք Չինաստանը խզեց, երբ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին 2022 թվականի օգոստոսին այցելեց Թայվան:

«Մենք վերադառնում ենք ուղիղ, բաց, հստակ հաղորդակցության»,- ասել է Բայդենը՝ նշելով, որ կողմերը համաձայնել են բարձր մակարդակի հաղորդակցություններին․ - «Ես և նա պայմանավորվեցինք, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է վերցնել հեռախոսը և անմիջապես լսելի կլինի»:

Ավելի ուշ, լրագրողների հետ ճեպազրույցում, Բայդենը կրկին «բռնապետ» է անվանել Չինաստանի նախագահին։ «Ես նկատի ունեմ, որ նա բռնապետ է այն իմաստով, որ մի տղա է, ով ղեկավարում է կոմունիստական երկիր», - ասել է ԱՄՆ նախագահը:

Վերջին անգամ Բայդենը և Ծինփինը հանդիպել են մեկ տարի առաջ Ինդոնեզիայում՝ Բալիում կայացած Մեծ քսանյակի հավաքի շրջանակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG