Տաշքենդում՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ու Ադրեջանի նախագահ Իլահմ Ալիևի նախօրեին հանդիպմանը Իրանի նախագահը գոհունակություն է հայտնել, որ Ադրբեջանը վերականգնել է իր «տարածքային ամբողջականությունը», հայտնել Իրանի պատրաստակամությունը՝ մասնակցելու Ադրբեջանի վերահսկողությանը անցած տարածքների վերականգնմանը։
Անդրադառնալով տրանսպորտային կոմունիկացիաներին՝ Էբրահիմ Ռայիսին ասել է, թե Աղբենդով Արաքս գետի վրայով երթուղին ու համաձայնեցված ծրագիրը համապատասխանում են երկու երկրների շահերին։ «Այն երաշխավորում է տրանսպորտային կապ Ադրբեջանի, Իրանի և Նախիջևանի միջև և վերացնում այդ ոլորտում մտահոգությունները»,- նշել է նա։
«Համոզված եմ, որ մեր հարաբերությունները բարելավվում են՝ ի հեճուկս մեր հակառակորդների, և մեր հարաբերությունները փչացնելու այլ երկրների պլանները ձախողվում են»,- ասել է Ռայիսին, համոզմունք հայտնելով, որ Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները ոչ միայն դիվանագիտորեն բարիդրացիական են, այլև շատ խորն են։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, իր հերթին, նշել է, որ Իրանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների համատեղ աշխատանքի արդյունքում համաձայնեցվել է Արաքս գետի հարավային ափով երկաթուղու և մայրուղու երթուղին։ Նա բողոքել է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո երեք տարի շարունակ Հայաստանը «հրաժարվում է և շարունակում է հրաժարվել իր պարտավորությունների կատարումից»՝ դեպի Նախիջևան ճանապարհի ապահովումից, և հավելել, թե դա Հայաստանի ընտրությունն է, կարծում է, նրանք մեծ սխալ են թույլ տվել։
Արաքսի մյուս ափով, Իրանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին և Թուրքիային կապող ճանապարհը համարվում է զանգեզուրյան ճանապարհի այլընտրանքը, որի շուրջ տարաձայնությունները չեն հարթվում։ Ավելի վաղ հաղոդվել էր, որ Արաքսի հարավային ափով ճանապարհ կառուցելու համար Իրանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել, որոշ աշխատանքներ, մասնավորապես կամրջի շինարարությունը, արդեն մեկնարկել է։
Ալիևը վստահություն է հայտնել, որ այդ նախագիծը կարճ ժամանակում կիրականացվի և կդառնա «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ևս մեկ ուղղություն։ «Այսինքն՝ արդյունքում կունենանք երկու երթուղի, մեկը՝ Աստարայով, մյուսը՝ Աղբենդով, և երկու երթուղիներն էլ կծառայեն Իրանի ու Ադրբեջանի միջև եղբայրական հարաբերությունների ամրապնդմանը, հասանելի կլինեն նաև հարևաններին ու գործընկեր երկրներին»,- ասել է Ալիևը։
Նրա նշած հյուսիս-հարավն Աստարայով ճանապարհն է, որը կկապի Իրանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը։ Աստարա անվանումով Կասպիցի ափին երկու քաղաք կա՝ մեկը՝ Իրանում, մյուսը՝ Ադրբեջանում, դրանք իրար դիմաց ընկած են սահմանի հակառակ կողմերում։ Իրանական Աստարա ու Ռեշտ քաղաքների միջև 170 կիլոմետրանոց երկաթգիծ կառուցելու համար անցած մայիսին ռուս-իրանական համաձայնագիր է ստորագրվել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հեռավար մասնակցելով այդ փաստաթղթի ստորագրման արարողությանը, հույս էր հայտնել, որ եռակողմ ձևաչափով Մոսկվան, Բաքուն ու Թեհրանը կկարողանան վերջնական համաձայնության գալ «Հյուսիս-Հարավ» միջանցքի շուրջ։ Իսկ Վաշինգտոնը զգուշացրել էր, որ եթե այդ միջանցքը օգտագործվի Արևմուտքի կողմից պատժամիջոցները շրջանցելու համար, ամերիկյան նոր սանկցիաները չեն ուշանա։
Չնայած տրածաշրջանային տրանսպորտային այս ծրագրերին, այնպես չէ, որ Մեղրիով անցնող տարբերակը դուրս է եկել օրակարգից։
Նույն Տաշքենդի գագաթնաժողովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրղողանը հայտարարել է. - «Ղարաբաղի օկուպացիան ավարտելով՝ մենք տեսնում ենք, որ քայլ առ քայլ մոտենում ենք տարածաշրջանում կայուն խաղաղությանը։ Հայաստանի պարտավորությունները Ադրբեջանի նկատմամբ կդյուրացնեն այս գործընթացը։ Չափազանց կարևոր է մոտ ապագայում իրականացնել տրանսպորտային գծեր, որոնք կմիացնեն Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ»։
Նույնը ավելի վաղ նա հայտարարել էր նաև «Թյուրքական պետությունների կազմակերպության» գագաթնաժողովում։
Տաշքենդի համաժողովում Իլհամ Ալիևը իր ելույթում կրկին խոսել է ղարաբաղյան առաջին պատերազմից հետո 30 տարի շարունակ, նրա խոսքերով՝ «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը օկուպացիայի տակ պահելու», «Ադրբեջանի վերջին հաղթանակների ու երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու մասին»։ Տարածաշրջանային կոմունիկացիաների մասով նա ասել է, որ Ադրբեջանը վերջին տարիներին միլիարդավոր դոլարներ է ներդրել տրանսպորտային ենթակառուցվածքներում և «Արևելք-Արևմուտք» ու «Հյուիս-Հարավ» միջանցքներով դարձել է Եվրասիայի տրանսպորտային-լոգիստիկ հանգույցներից մեկը։
«Երկու միջանցքների ադրբեջանական հատվածների կառուցումն արդեն ավարտվել է»,- ասել է Ալիևը։
Տարածաշրջանի տրանսպորտային ուղիները ապաշրջափակելու վերաբերյալ Հայաստանի իշխանությունները բազմիցս կողմ են արտահայտվել բոլոր երթուղիների բացման օգտին, այդ թվում՝ զանգեզուրյան ճանապարհի, բայց այն պետք է գտնվի Հայաստանի վերահսկողության ներքո։
Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին «Սիվիլնեթին» տված հարցազրույցում ասել է, որ միջանցք տերմինն օգտագործողների հայտարարությունների հետևում թաքնված մտքեր կան։
«Մենք Հայաստանի անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության կողմնակից ենք և դեմ ենք ցակացած բանի, որը կխախտի նրա միջազգային սահմանները։ Միջանցքի մասին պետք է նշեմ, որ միջազգային գրականության մեջ դա նշանակում է հաղորդակցության ուղի, բայց երբ այն առնչվում է Հայաստանին, հատուկ իրավական իմաստ է ստանում։ Նրանք, ովքեր կրկնում են այդ բառը, հատուկ իմաստով են այն օգտագործում, և նրանք իրենց հայտարարությունների հետևում թաքնված մտքեր ունեն»,-ասել է Հայաստանում Իրանի դեսպանը։