Մատչելիության հղումներ

Ըստ Արսեն Թորոսյանի՝ ՀՀ օրակարգում նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չեղարկելու հարց չկա, թեկուզև «այն փաստացի չի գործում»


Նոր հակասություններ Երևանի ու Մոսկվայի միջև, այս անգամ թեման նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեկնաբանությունն է։ Բայց հրապարակային հակադարձումների ֆոնին իշխանությունից հայտարարում են՝ եռակողմ փաստաթուղթը չեղարկելու հարց այս պահին Հայաստանի օրակարգում չկա։

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, հղում անելով 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությանը, երեկ պնդեց՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապը պետք է վերահսկեն Ռուսաստանի անվտանգության ծառայության սահմանապահները, պաշտոնական Երևանն անմիջապես պատասխանեց՝ Հայաստանի սուվերեն տարածքի որևէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող։ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտարարեց՝ Երևանը «երբևէ որևէ փաստաթղթով չի համաձայնվել իր սուվերենության որևէ սահմանափակման»։

«Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում Հայաստանն իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով պետք է իրականացնի սահմանային, մաքսային հսկողություն», - նշել է նա։

Վարչապետը վերջերս հայտարարել էր, որ նոյեմբերի սկզբից Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունում ստեղծվել է հատուկ ստորաբաժանում՝ ապահովելու Հայաստանով անցնող տարածաշրջանային և միջազգային կոմունիկացիաների անվտանգությունը։

Իշխանական «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արսեն Թորոսյանն ասում է՝ բոլոր բանակցություններում Երևանը առաջ է տանում նույն դիրքորոշումը՝ ճանապարհները պետք է լինեն այն երկրների սուվերենության ներքո, որոնցով անցնում են։ Իսկ նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որին պարբերաբար ռուսական կողմը նաև Հայաստանով անցնող ճանապարհի վերահսկողության համատեքստում հղում է անում, ըստ Թորոսյանի, փաստացի չի գործում։ Բայց Նիկոլ Փաշինյանի թիմակցի խոսքով՝ այն չեղարկելու հարց էլ Հայաստանի օրակարգում այս պահին չկա։

«Պետք է այն նայել ամբողջականության մեջ, և չի կարելի նրա որևէ կետ առանձնացնել և այդպես առանձին փորձել մեկնաբանել, որովհետև սկզբի կետից սկսած հիմա գրեթե որևէ կետ այդ հայտարարության չի գործում, և եթե էքստրապոլացնենք, ըստ էության, հայտարարությունն էլ փաստացի չի գործում», - ասաց նա։

Հարցին, թե արդյոք Երևանը պատրաստվո՞ւմ է հետ քաշել ստորագրությունը պայմանագրից, Արսեն Թորոսյանը պատասխանեց. - «Քայլերի մասին, կարծում եմ, իմ գործընկերները անհրաժեշտության դեպքում կտեղեկացնեն, եթե նման անհրաժեշտություն լինի, բայց մեր օրակարգում նման հարց այս պահին ամեն դեպքում չկա»։

Փաշինյանը պետք է ստորագրությունը հետ քաշի, ինքն էլ թողնի, գնա. Արթուր Խաչատրյան

Որ Հայաստանի ճանապարհները որևէ այլ երկիր չպետք է վերահսկի, այս հարցում իշխանությունն ու ընդդիմությունը համակարծիք են։ Բայց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը մեջբերում է նոյեմբերի 9-ի փաստաթղթի ձևակերպումը, ըստ որի՝ ապաշրջափակումից հետո Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու են ռուս սահմանապահները։

Կարծում է՝ Փաշինյանն այսպիսի ձևակերպմամբ փաստաթուղթ ստորագրելով երեք տարի առաջ վերազանցել է լիազորությունները։

«Նաև Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և սուվերենության խնդիրներն է, հիմքերն է խարխլել։ Փաշինյանը պետք է ստորագրությունը հետ քաշի, ինքն էլ թողնի, գնա, որպեսզի գան մարդիկ, ովքեր կարողանան երկիրը ճգնաժամից հանել, այլապես ինչքա՞ն կարող են ԵԱՏՄ վեհաժողովին չգնալ, ԱՊՀ գագաթնաժողովին չգնալ, ՀԱՊԿ գագաթնաժողովին չգնալ։ Միևնույնն է այդ հարցը բարձրանալու է», - ասաց Խաչատրյանը։

Չնայած Երևանի պնդումներին, որ պատրաստ է երկրների ինքնիշխանության պահպանմամբ բացել ճանապարհները, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, երեկ հայտարարել է, թե Երևանը հրաժարվել ու հրաժարվում է Ադրբեջանի ու Նախիջևանի միջև ճանապարհ տալու իր պարտավորություններից։ Դա Ադրբեջանի նախագահը մեծ սխալ է որակել։

XS
SM
MD
LG