Մատչելիության հղումներ

5 ամիս անց Տիգրան Խաչատրյանը հայտնաբերվել է. ըստ փաստաբանի՝ նա այս ամբողջ ընթացքում իրենց տանն է եղել


Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, որ, ըստ Քննչական կոմիտեի, կրակել էր Գորիսի մի բնակչի վրա, այսօր ձերբակալվել է: Ոստիկանները դեպքից 5 ամիս անց միայն գտան հետախուզվող Խաչատրյանին երևանյան իրենց առանձնատանը՝ թաքստոցում։

Քրեական տարբեր գործերով անցած Տիգրան Խաչատրյանն, ըստ իրավապահների, անվադողեր գնելու նպատակով պայմանավորվել է 46-ամյա մի գորիսեցու հետ, վերջինիս եղբորորդին զանգահարել է Տիգրանին, բայց դիմելաձևի պատճառով երիտասարդները վիճաբանել են։ Քննչականի հաղորդմամբ՝ Խաչատրյանն իր ավտոմեքենայով երկու մտերիմների հետ գնացել է ավտոտեխսպասարկման կետ, խուլիգանական արարքներ թույլ տվել, պարզաբանումներ պահանջել, հայհոյանքներ հնչեցրել, հետո իր մոտ պահվող ապօրինի հրազենով կրակել 46-ամյա տղամարդու ուղությամբ՝ պատճառելով նրան մարմնական վնասվածք: Ըստ իրավապահների՝ կրտսեր Խաչատրյանը դեպքից հետո լքել է Գորիսը, և նրան հինգ ամիս որոնում էին։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը դեռ հունիսին էր կասկածի տակ դրել ոստիկանների աշխատանքը, երբ իրավապահները նախկին մարզպետի որդու նկատմամբ հետախուզում էին հայտարարել։


Այսօր ձերբակալված Խաչատրյանին կալանավորելու որոշումը դեռ հետախուզում հայտարարելու օրվանից կար, բայց այն հաստատելու միջնորդությամբ Քննչական կոմիտեն նորից կդիմի դատարան: Ազդեցիկ նախկին մարզպետի որդու փաստաբան Վահագն Քեշիշյանը «Ազատությանն» ասաց իր պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը, դա շինծու է: Նա նշեց՝ ՔԿ-ն դեռ պետք է ապացուցի, որ Խաչատրյանը կրակել է. - «Ինքն ի՞նչ իմանա՝ ով է կրակել, կամ կրակել են, թե չեն կրակել, ո՞վ կարա այդ փաստը հաստատի»։

Այդ դեպքում ինչո՞ւ էր թաքնվել, փաստաբանն ասաց՝ երբեք չի թաքնվել, միշտ էլ Երևանում է եղել. - «Չի թաքնվել, ինքը իր տանն է եղել, երբեք չի թաքնվել։ Եթե վարույթ իրականացնող մարմինը կոպտագույնս ոտնահարում է իր իրավունքները, այդ դեպքում ի՞նչ հույսով պիտի մտածեր կամ շարժվեր մարդը, որ իր հանդեպ արդար են լինելու»։

Տիգրան Խաչատրյանը 2013-ին էլ Ավետիք Բուդաղյանի սպանության գործով էր անցնում, հետո դատարանը նրա գործողությունները որակել էր որպես ինքնապաշտպանություն ու արդարացրել: Նախորդ տարվա մայիսին էլ կառավարության շենքի դիմաց զանգվածային անկարգությունների էր մասնակցել կրտսեր Խաչատրյանը, ըստ իրավապահների՝ այստեղ ոստիկանի նկատմամբ բռնություն էր գործադրել, մեկ ամսով կալանավորվել ու ստորագրությամբ ազատ էր արձակվել։

«Թե՛ նախկինում և թե՛ հիմա ոստիկանական համակարգում փոփոխություններից միայն խոսում, բայց ոչինչ չեն անում», - ասում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ հավելելով. - «Եթե չի եղել նրան ձերբակալելու խնդիրը, բնական է՝ նրան չէին էլ ձերբակալի։ Հիմա երևի թե հայտնաբերվելու խնդիրը դրվել է, հայտնաբերվել է, այսինքն՝ աշխատում է ոչ թե ոստիկանությունը, այլ պատվերը։

Այսօրվա դրությամբ գործ ունենք ոչ թե ՀՀ ոստիկանության հետ, այլ դեռ սովետական Հայաստանի միլիցիայի։ Բոլոր նոր եկած ղեկավարները խոստումներ են են տվել, որ մեծ փոփոխություններ կան, բայց քանի որ բուն համակարգը չեն փոխել, շատ հանցագործություններ մնում են չբացահայտված»։

Տարբեր աղմկահարույց ու քրեական պատմություններով անցած և անցնող Սյունիքի նախկին մարզպետի երկու որդիները մեղադրվում էին նաև փաստաթուղթ կեղծելով բանակից խուսափելու համար: Հեղափոխությունից հետո վերաբացված այս գործերը կրկին փակվել են: 5 տարուց ավելի էլ նրանց հայրը՝ Սուրիկ Խաչատրյանն է հետախուզվում: 2018-ի հեղափոխությունից հետո նա մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու, լիազորություններն անցնելու և առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG