Չնայած վարչապետ Փաշինյանի խոստումներին, թե պետք է վերանայվի դիվանագիտական կոչում չունեցողներին դեսպան նշանակելու պրակտիկան, նրա վարչակազմը շարունակում է առանցքային երկրներում դեսպաններ նշանակել կադրային դիվանագետ չհանդիսացող անձանց։
Փաշինյանի առաջարկով և նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը երեկ նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան՝ փոխարինելով գրեթե հինգ տարի Մոսկվայում Երևանը ներկայացրած Վարդան Տողանյանին։
Անցած տարվա օգոստոսին էլ Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան էր նշանակվել դիվանագիտական աշխատանքի փորձ չունեցող Լիլիթ Մակունցը։ Մինչ այդ նա մոտ երկուսուկես տարի խորհդարանում ղեկավարում էր իշխանական խմբակցությունը։
Ռուսաստանում դեսպան նշանակված Վաղարշակ Հարությունյանը 1992-1994 թվականներին եղել է ԱՊՀ միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարության շտաբի պետի տեղակալ, որից հետո` մինչև 1999թ.` ԱՊՀ մասնակից-պետությունների ռազմական համագործակցության կոորդինացման շտաբի պետի տեղակալ, Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչ։
Զուգահեռաբար` 1994-1998 թվականներին, Հարությունյանը եղել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության ռազմական կցորդը և ներգրավվածություն ունեցել հայ-ռուսական ռազմաքաղաքական մի շարք պայմանագրերի նախապատրաստությանը։
Վաղարշակ Հարությունյանը երկու անգամ է զբաղեցրել Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը՝ երկու անգամ էլ կարճատև։ 1999-ին նա աշխատել է վարչապետ Վազգեն Սարգսյանի կաբինետում և պաշտոնանկ արվել հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից շատ չանցած՝ 2000 թվականին, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով։
Երկրորդ անգամ նա Հայաստանի ռազմական գերատեսչությունը գլխավորեց 44-օրյա պատերազմից անմիջապես հետո՝ 2020-ի նոյեմբերին, հայտարարելով Զինված ուժերը արմատապես բարեփոխելու հավակնոտ ծրագրի մասին։ Սակայն նա միայն ութ ամիս մնաց այդ պաշտոնին ու թողեց այն Երասխի ուղղությամբ հայ-ադրբեջանական բախումներից հետո, ինչի հետևանքով հայկական կողմը մեկ զոհ տվեց։
Նախորդ ամիսներին Հարությունյանը հրաժարվում էր շփվել լրագրողների հետ։ Այսօր էլ չպատասխանեց «Ազատության» հեռախոսազանգին։
«Լավ դեսպանը կարող է շատ-շատ բաներ փոխել, բայց սա այդ դեպքը չէ»
«Անի» հետազոտական կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանի կարծիքով` Վաղարշակ Հարությունյանի նշանակումը Հայաստանի համար կարևոր երկրում՝ Ռուսաստանում, դժվար թե շոշափելի փոփոխությունների հանգեցնի հայ-ռուսական հարաբերություններում. «Լավ դեսպանը կարող է շատ-շատ բաներ փոխել, բայց սա այդ դեպքը չէ, սա պարզապես Նիկոլ Փաշինյանի հերթական քաղաքական նշանակումն է, ինչն ինձ համար մի քիչ անհասկանալի է, որովհետև այն պայմաններում, երբ որ սփյուռքյան տարբեր կազմակերպություններ, կառույցներ, չընդունելով Նիկոլ Փաշինյանին, նրանց դեսպանների աշխատանքն է խոչընդոտում, խանգարում, քաղաքական նշանակումները այս պայմաններում, իմ կարծիքով, ճիշտ չէ, տեղին չէ և ժամանակավրեպ է: Ճիշտ կլիներ, որպեսզի հատկապես Ռուսաստանի նման երկրում մենք ունենայինք հենց կադրային դիվանագետների նշանակում»:
Ընդհանրապես, Հակոբյանի գնահատմամբ, Հայաստանի արտգործնախարարությունը իր 30-ամյա պատմության ընթացքում երբեք այսպես խաղից դուրս վիճակում չի գտնվել. «Փաստացի այսօր Հայաստանը ներգրավված է երեք կարևորագույն գործընթացում, և երեք գործընթացներում էլ Արտգործնախարարությունը չկա:
Առաջինում` սահմանազատում-սահմանագծում, իրականացնելու է, ըստ էության, Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը` պաշտպանության նախարարի գլխավորությամբ, տարածաշրջանային ապաշրջափակումների թեման հանձնվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, իսկ հայ-թուրքական գործընթացը վերապահվել է խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին, այսինքն` ըստ էության, Արտգործնախարարությունն իր դիվանագիտական անձնակազմով չասենք ընդհանրապես մաս չի կազմում այդ գործընթացին, բաց բավականին հեռավորությունից է այդ ամենին հետևում», - ասաց Հակոբյանը:
Արտաքին քաղաքականության ոլորտում կադրային փոփոխությունների մասին Փաշինյանը խոսել էր իշխանությունը ստանձնելուց անմիջապես հետո՝ 2018թ.-ի մայիսի 9-ին այցելելով Ստեփանակերտ. «Պետք է լրջորեն վերանայվի այդ պրակտիկան, երբ դեսպանների և հյուպատոսների պաշտոնին նշանակվում են կադրային դիվանագետ չհանդիսացող անձինք, և ես կարծում եմ, որ իսկապես դա կարևոր է, որովհետև այդ կարգի նշանակումները նաև խոչընդոտում են Հայաստանի դիվանագիտական կորպուսի բնականոն զարգացմանը և, իհարկե, որոշակի խնդիրներ են առաջացնում Հայաստանի միջազգային հարաբերություններում», - հայտարարել էր վարչապետը:
2001թ.-ից գործող «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի համաձայն` արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը հայեցողական է և, փաստորեն, չի պահանջում դիավանագիտական ծառայության փորձառություն՝ ի տարբերություն դիվանագիտական ծառայության պաշտոն համարվող, օրինակ, Արտգործնախարարության գլխավոր քարտուղարի կամ նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի։