Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայնագիր ստորագրել, որը կբացառի միջազգային դատարանի որոշումների կիրառումը երկու երկրներին վերաբերող հարցերում, «Ազատության» հարցին ի պատասխան այսօր ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ նշելով՝ Մոսկվայից արձագանք դեռ չեն ստացել։
«Այսինքն՝ իրավական առումով մենք կարող ենք ունենալ երկկողմ համաձայանգիր, որը բացառում է միջազգային դատարանի որոշումների կիրառումը երկու երկրներին վերաբերող հարցերում։ Մենք դա առաջարկել ենք, արձագանք չենք ստացել, բայց դեռ ժամանակ կա մինչև ուժի մեջ մտնելը և հույս ունեմ, որ պրոգրես կլինի», - ասաց Արշակյանը՝ տեղեկացնելով, որ օրինակ Վաշինգտոնի հետ Երևանը նման համաձայնագիր ստորագրել է։
Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին «Քաղաքացիական պայմանագրի» 60 կողմ ձայնով վավերացրեց Հռոմի ստատուտը։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարեց՝ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը համարում են «բացարձակապես ոչ-բարեկամական քայլ»։ Նա նաև տեղեկացրեց, որ Մոսկվան որոշակի առաջարկներ է ներկայացրել Երևանին, «սակայն դատելով իրավիճակից՝ Երևանում կա՛մ դեռ մտածում են դրանց ուղղությամբ, կա՛մ որոշել են մերժել»։
Արտգործնախարարությունն «Ազատության» հարցին ի պատասխան երեկ տեղեկացրեց, որ պաշտոնական Երևանն արձագանքել է Հռոմի ստատուտի վավերացման հարցով ՌԴ-ից ստացված առաջարկներին։