Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այցելել է Սամարղանդ։ Սա վերջին 30 տարվա ընթացքում Ֆրանսիայի նախագահի առաջին այցն է Ուզբեկստան։
Մակրոնը հանդիպել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Ֆրանսիայի և Ուզբեկստանի միջև համապարփակ համագործակցության հետագա զարգացման հարցերը և պայմանավորվել երկկողմ հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի։
Ուզբեկստանի նախագահականը նշում է, որ Զարգացման ֆրանսիական գործակալության հետ 1 միլիարդ եվրո արժողությամբ ռազմավարական գործընկերության ծրագիր է իրականացվում։
Ըստ ուզբեկական կողմի՝ Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցել Կենտրոնական Ասիայում վստահության ամրապնդմանն ուղղված Ուզբեկստանի ջանքերին, ինչպես նաև ԱՀԿ-ին Ուզբեկստանի անդամակցությանը և Եվրամիության հետ ընդլայնված գործընկերության և համագործակցության համաձայնագրի ստորագրմանը:
Նշվել է քաղաքական երկխոսության շարունակման, անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման, ի հայտ եկած սպառնալիքների և ռիսկերի արդյունավետ պայքարի կարևորությունը։
Պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային կարևորություն ունեցող արդի խնդիրների շուրջ։
Մակրոնը երեկ էլ Ղազախստանում էր։ «Իմ այցի նպատակն է ամրապնդել ու նոր թափ հաղորդել Ֆրանսիայի համագործակցությանը Ղազախստանի հետ», - Աստանայում հայտարարել է Մակրոնը:
Ղազաստանն ու Ուզբեկստանը հրաժարվել են ճանաչել ուկրաինական տարածքների բռնակցումը և հրապարակավ խոստացել են հետևել Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին։
Ռուսաստանը բազմիցս մտահոգություն է հայտնել Կենտրոնական Ասիայի երկրներում Արևմուտքի աճող ազդեցության վերաբերյալ: