Մատչելիության հղումներ

Մակրոնն այցելում է Աստանա՝ «նոր թափ հաղորդելու Ֆրանսիայի և Ղազախստանի համագործակցությանը»


Էմանյուել Մակրոնն այսօր ժամանել է Ղազախստան, որն առաջինն է Ֆրանսիային ուրան, երկրորդը՝ նավթ մատակարարող երկրների շարքում։ Մակրոնը երկու օր կանցկացնի էներգակիրներով հարուստ Կենտրոնական Ասիայում, որտեղ Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան և Եվրոպան պայքարում են ազդեցության համար:

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմ սկսելուց հետո Արևմուտքը նաև Ղազախստանն է դիտարկում որպես ռուսական էներգակիրների փոխարինող մատակարար։

«Իմ այցի նպատակն է ամրապնդել ու նոր թափ հաղորդել Ֆրանսիայի համագործակցությանը Ղազախստանի հետ», - հայտարարել է Մակրոնը:

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահը դրվատել է Աստանային Ուկրաինայի հարցում չեզոք դիրք գրավելու, Մոսկվային չաջակցելու համար։ Ղազաստանը, ինչպես նաև Ուզբեկստանը, ուր Ֆրանսիայի նախագահը կայցելի վաղը, հրաժարվել են ճանաչել ուկրաինական տարածքների բռնակցումը և հրապարակավ խոստացել են հետևել Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին։

«Ես չեմ թերագնահատում աշխարհաքաղաքական դժվարությունները, ճնշումները, երբեմն՝ ցնցումները, որոնց դուք կարող եք ենթարկվել: Մի աշխարհում, որտեղ մեծ տերությունները ցանկանում են դառնալ հեգեմոնիաներ, և որտեղ տարածաշրջանային ուժերը դառնում են անկանխատեսելի, ես ողջունում եմ ձեր վասալ չդառնալու ցանկությունը», - ընդգծել է Մակրոնը:

Չաջակցելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին՝ Տաշքենդն ու Աստանան միաժամանակ հայտարարում են, որ դաշնակցային հարաբերություններ ունեն թե՛ Արևմուտքի, թե՛ Մոսկվայի հետ։

Այսօրվա բարդ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական իրավիճակում Ֆրանսիայի հետ համագործակցության զարգացումը «հատկապես կարևոր է», - նշել է Տոկաևը:

«Ղազախստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը դինամիկ է զարգանում, սակայն անհրաժեշտ է դրան լրացուցիչ թափ հաղորդել։ Ուստի Ձեր այցը կարող ենք անվանել պատմական և շատ կարևոր։ Վստահ եմ, որ այսօրվա բանակցություններն արդյունավետ կլինեն», - ասել է Ղազախստանի նախագահը:

Հանդիպման ավարտին առաջնորդները «կոչ են արել հակամարտությունները լուծել խաղաղ, դիվանագիտական միջոցներով»՝ հստակ չառանձնացնելով որևէ խնդիր, այդ թվում՝ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ։

Տոկաևը խուսափել է ուղիղ պատասխանից նաև երբ հարց է հնչել՝ արդյո՞ք ինքը սխալ է համարում ռուսական ներխուժումն Ուկրաինա: «Ես մարգարե չեմ, միայն ապագան կգնահատի այդ իրադարձությունը», - ասել է նա:

Արդյունքում Փարիզն ու Աստանան մի շարք պայմանագրեր են ստորագրել, այդ թվում՝ Ֆրանսիան խոստացել է հակաօդային պաշտպանության Ground Master 400 ռադարներ մատակարարել՝ Ղազախստանի ինքնիշխանությունն ամրապնդելու համար։ Այս ամսվա սկզբին նման մի պայմանագիր Ֆրանսիան նաև Հայաստանի հետ է կնքել։

Ռուսաստանը բազմիցս մտահոգություն է հայտնել Կենտրոնական Ասիայի երկրներում Արևմուտքի աճող ազդեցության վերաբերյալ:
Անցած շաբաթ Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի արտգործնախարարներն առաջին անգամ հանդիպել էին Եվրամիության անդամ 27 երկրների արտգործնախարարների հետ, սեպտեմբերին էլ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էր հանդիպել այդ երկրների առաջնորդներին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում: Նույն ամսին նրանց Բեռլինում հյուրընկալել էր նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Արևմուտքը փորձում է Ռուսաստանից հեռացնել հարևաններին, ընկերներին ու դաշնակիցներին, անցած շաբաթ հայտարարել էր արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Կրեմլի խոսնակը, սակայն, այսօր ասել է, թե Մակրոնի այցը Աստանա իրենց չի մտահոգում: «Ղազախստանն ինքնիշխան պետություն է, որն իր հայեցողությամբ զարգացնում է հարաբերություններն այլ երկրների հետ», - նշել է Դմիտրի Պեսկովը։

«Մակրոնը ժամանել է Ղազախստան, որը համարվում է Պուտինի վերահսկողության տակ գտնվող երկիր՝ նոր ընկերների և ուրանի համար», - գրում է Bloomberg-ը՝ հավելելով, թե Փարիզը հետաքրքրված է նաև Ղազախստանում ատոմակայան կառուցելու հեռանկարով:

Տնտեսական ոլորտում խորացող համագործակցությանը զուգահեռ, իրավապաշտպանները հարց են բարձրացնում ժողովրդավարության ու մարդու իրավունքների վերաբերյալ, հիշեցնելով, որ Ղազախստանն ու Ուզբեկստանը աշխարհի ամենաբռնապետական երկրներից են համարվում։

Հենց այսօր՝ Մակրոնի այցի նախաշեմին, Աստանայում մի քանի ընդդիմադիր ակտիվիստներ են ձերբակալվել, նրանք ցանկանում էին հանդիպել Ֆրանսիայի նախագահի հետ ու պատմել Ղազախստանում մարդու իրավունքների խախտումների մասին։ Ամբողջ օրվա ընթացքում Աստանայում օտարերկրյա դեսպանատների մոտ ոստիկանական հավելյալ ստորաբաժանումներ են աշխատել՝ թույլ չտալու, որ քաղաքացիները դիվանագետներին մոտենան։

Ի դեպ, Մակրոնից հետո՝ այս շաբաթվա ընթացքում, թյուրքալեզու Ղազախստան կժամանեն նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ու թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG