Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր մեկնել է Մալթա, որտեղ Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Ուկրաինայի առաջարկած «Խաղաղության բանաձևի» շուրջ քննարկումներին։ Երկօրյա համաժողովը կազմակերպվել է Կիևի նախաձեռնությամբ, և ինչպես նախագահ Զելենսկու արտաքին հարաբերությունների գծով գլխավոր խորհրդական Իհոր Ժովկոն է ասել Reuters-ին, Կիևում ակնկալում են դրա ավարտին կոնկրետ արդյունքներ արձանագրել։
«Հավատացեք, որ Մալթայից հետո մենք հայտարարելու շատ բան կունենանք»,- ավելի վաղ ասել էր ուկրաինացի բարձրատիճան պաշտոնյան Kyiv Post-ին, հավելելով՝ ուկրաինական կողմը պահանջում է հատուկ տրիբունալ ստեղծել՝ Ռուսաստանի իշխանություններին դատելու համար։
Բացի այդ, ըստ Ժովկոյի, համաժողովում քննարկվելու է նախագահ Զելենսկու առաջարկած «Խաղաղության բանաձևը»՝ տասը կետ, որոնք Կիևը առաջադրել է որպես պատերազմի ավարտի ու խաղաղության նախապայման։ Դրանք Ուկրաինայի նախագահն առաջին անգամ հրապարակեց անցած նոյեմբերին՝ «Մեծ քսանյակի» հանդիպման ժամանակ՝ միջուկային ու ռադիացիոն անվտանգություն, բոլոր գերիների ու տեղահանվածների ազատ արձակում, Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնում, ռուսական զորքերի դուրսբերում ու բռնությունների դադարեցում։
«Սրանք են այն ճանապարհները, որ ձեզնից յուրաքանչյուրը կարող է սատարել՝ դառնալով խաղաղության համահեղինակ», - ասել է նա։
Այս օրակարգը քննարկելու համար, ըստ ուկրաինացի պաշտոնյաների, Մալթա են մեկնել տասնյակ երկրների պատվիրակներ։
«Մասնակիցների ցանկը ընդարձակելու համար մենք հսկայական աշխատանք ենք կատարել», - Reuters-ին ասել է Ուկրաինայի նախագահի խորհրդականը, մանրամասնելով. - «Առաջին՝ կոպենհագենյան քննարկմանը մասնակցում էր 15 երկիր։ Ջիդդայում՝ 43, հիմա, այս պահին, երբ մենք խոսում ենք, դեռ շարունակում ենք հաստատումներ ստանալ, բայց կարող եմ ասել, որ կունենանք մինչև 70 երկրի մասնակից»։
Ըստ ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյայի՝ համաժողովին ընդառաջ Զելենսկու աշխատակազմի ղեկավարը պարբերաբար հանդիպել է Ուկրաինայում հավատարմագրված շուրջ 80 երկրների դեսպանների հետ ու քննարկել՝ ինչ կարող է արվել Ռուսաստանին պատասխանատվության կանչելու համար։
Պաշտոնական աղբյուրները չեն նշում՝ որ երկրների դեսպաններն են մասնակցել այդ հանդիպումներին, սակայն Ժովկոն ընդգծել է՝ Կիևը հույս ունի, որ Մալթայի քննարկումներին առաջին անգամ մասնակցող երկրները կմիանան Ռուսաստանի՝ ագրեսոր երկրի դեմ հավաքական ճնշումներին և հանդես կգան որպես Կիևի առաջարկած խաղաղության բանաձևի երաշխավոր։ Ընդ որում, մինչև այս պահը՝ համաժողովի մեկնարկից մեկ օր առաջ, Կիևը մասնակից երկրների ցանկը չի հրապարակում։
«Ո՞րն է այս գաղտնիության պատճառը, հատկապես նորեկների հարցում»,- հետաքրքրվել է Kyiv Post-ի թղթակիցը։
«Կներեք, բայց նրանց անունը չեմ տա, թող դա անակնկալ լինի մեր թշնամու համար»,- ասել է Զելենսկու արտաքին հարաբերությունների գծով խորհրդականը, բացատրելով, - «Հենց որ որևէ երկիր մասնակցության հրավեր է ստանում, Ռուսաստանը լուրջ դիմադրություն է ցույց տալիս։ Այդ երկրի դեսպանին կանչում են Կրեմլ, հորդորում չգնալ անվտանգության խորհրդի ղեկավարների (խմբ՝ Մալթայի) հանդիպմանը»։
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակումից մեկուկես տարի անց՝ այս տարվա սեպտեմբերին, Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն ուղարկեց Ուկրաինա։ Այն Կիև էր տարել Հայաստանի վարչապետի տիկինը՝ առաջին անգամ մասնակցելով Ուկրաինայի առաջին տիկնոջ կողմից անցկացվող ամենամյա գագաթնաժողովին։ Ավելի ուշ՝ այս ամսվա սկզբին, վարչապետ Փաշինյանը Գրանադայում կարճ զրույց էր ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։