«Մարտի 1»-ի գործը հսկող դատախազ Հայկ Հովհաննիսյանը որոշում է կայացրել դադարեցնել սպանության համար մեղադրվող Գեղամ Պետրոսյանի մեղադրանքը, «Ազատությանը» փոխանցեց նրա փաստաբան Վաղարշակ Գևորգյանը։ Չորս տարվա քննությամբ չի հիմնավորվել, որ Ոստիկանության շտաբի նախկին պետ Պետրոսյանն է սպանել 2008-ի արյունալի իրադարձությունների 10 զոհերից մեկին՝ Զաքար Հովհաննիսյանին։
2018 թվականի հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «Մարտի 1»-ի գործին նոր թափ հաղորդելու մասին, ինչից հետո սպանության հոդված առաջադրվեց միայն Գեղամ Պետրոսյանին, որը հենց սկզբից էլ հայտարարում էր իր անմեղության մասին։ Պետրոսյանը երկու ամիս անցկացրեց կալանավայրում, ինչից հետո նախաքննական մարմինը կալանքը չերկարացրեց, և նա ազատ արձակվեց։ Այն ժամանակ փաստաբան Գևորգյանն ասել էր՝ դատաձգաբանական փորձաքննությամբ պարզվել է, որ Զաքար Հովհաննիսյանի մարմնից հանված պարկուճը չի համապատասխանում Պետրոսյանին ամրակցված զենքին։
Բացի այդ, օրենքի նոր փոփոխություններով՝ նախաքննությունը չէր կարող անվերջ տևել, և արդեն հոկտեմբերին Պետրոսյանի գործը կամ պետք է մեղադրականով ուղարկեին դատարան, կամ էլ նրան ճանաչեն անմեղ։ Դատախազությունն, ըստ էության, ընտրեց վերջին տարբերակը։
Մանրամասները՝ քիչ անց