Մատչելիության հղումներ

ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակ. արցախցի երեխաների մոտ նկատվում են սուր հոգեբանական սթրեսի նշաններ


Արցախցի Քրիստինեի ու Արևիկի փոքրիկները շատ են ուզում տուն գնալ, բայց չեն մոռանում կրակոցի ձայները, մղձավանջային երազներում շարունակում են թաքստոցներ ու ապաստարաններ տեսնել։ Տեղահանվածների գրեթե ամեն երրորդը երեխա է՝ շուրջ 30 000։

ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակն արդեն նախազգուշացրել է՝ Հայաստանում ապաստանած արցախցի երեխաների մոտ նկատվում են սուր հոգեբանական սթրեսի նշաններ. առանց անհապաղ աջակցության, նրանց հոգեկան առողջությունը կարող է վատթարանալ:

«Գորիսում ՅՈւՆԻՍԵՖ-ի երկու ապահով անկյուններում աշխատող սոցիալական աշխատողները, որոնք օրական սպասարկում են մինչև 300 երեխայի, հայտնել են, որ նրանք անհանգստության, վախի և զայրույթի զգացումներ ունեն, որոնք դրսևորվում են մղձավանջներով, գիշերամիզությամբ և անսփոփելի լացով: Որոշ երեխաներ մեկուսացել են բոլորից, դարձել են անհաղորդ, անկարող են արտահայտել զգացմունքները կամ ըմբռնել պատահածը: ՅՈւՆԻՍԵՖ-ն աշխատում է Հայաստանի կառավարության և այլ գործընկերների հետ՝ օգնելու փախստական երեխաներին ստանալ անհրաժեշտ խնամք և ծառայություններ», - ասված է ՅՈւՆԻՍԵՖ-ի հայտարարությունում:

Սոցապ նախարարության փոխանցմամբ՝ այս տարի կառավարությունը մոտ 500 մլն դրամ է հատկացրել, որ դժվարին իրավիճակում հայտնված շուրջ 3500 երեխա հայաստանյան ցերեկային խնամքի կենտրոններում անհրաժեշտ մասնագիտական օգնություն ստանա։ Այս պահին այդ աջակցությունից դեռ արցախցի 200 երեխա է օգտվում։ Այս թիվը փոփոխական է։

«Ազատության» նկարահանման ընթացքում Հրազդանում գործող «Երեխաների աջակցության հիմնադրամում» 10-րդ երեխային էր ծնողն ուղեկցում հոգեբանի կաբինետ։ Հոգեբան Արմինե Ավետիսյանն իր փոքրիկ այցելուների առաջին օրերի մուգ ու մռայլ գույներով նկարներն էր վերլուծում՝ սթրես, ծանր ապրումներ, վախ ու սարսափ։ Ասաց՝ գույներն արդեն կամաց-կամաց փոխվում են, կարոտն անգամ վառ գույներով են պատկերում:

Մասնագետներն ընդգծում են՝ հարկավոր է նաև ծնողների հետ աշխատել

Առողջապահության նախարարության երեխաների ու դեռահասների հոգեկան առողջության գծով խորհրդատու Սիրանույշ Հակոբյանն ասում է՝ հոգեբույժի աջակցության կարիք ունեցող երեխաների մեծ հոսքի են սպասում։ Ըստ նրա՝ ընտանիքները դեռ տեղավորվում են, ծնողները երեխաների խնդիրները հաճախ ի վիճակի չեն նկատել, որովհետև հենց իրենք են այդ ծանր ապրումների մեջ։ Բժիշկներին խնդրում է տարբեր գանգատներով իրենց այցելած երեխաներին ստուգելուց հետո եթե լուրջ խնդիր չեն հայտնաբերում, չանտեսել այդ գանգատները, հաճախ հենց այդ երեխաներն են հոգեբույժի կարիք ունենում:

Մասնագետը ծնողներին հորդորում է չվախենալ երեխաներին հոգեբույժի կաբինետ ուղեկցել, այնտեղ միայն դեղերով չեն բուժում ու պարտադիր չէ, որ գանգատները շատ ծանր լինեն, աչքաթող անելուց հետո կարող են դրանք ավելի բարդանալ: Հոգեբույժ Արմինե Ավետիսյանը նշում է՝ Հայաստանում միայն «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մինչև 18 տարեկան երեխաներին հոգեբույժների թիմն անվճար կստուգի, սա պետության պահանջն է:

«Հիմնական պատճառը չի բուժվում, որը կարող է բերել հետագայում ավելի խորը դեպրեսիայի դեպքում դեպրեսիվ խանգարումների, ինքնասպանության մտքերի կամ ինքնասպանության փորձերի և այլն: Այսինքն՝ այդ չնչին ախտանիշները հետո կարող են բերել ավելի լուրջ խնդիրների», - ասաց հոգեբույժը:

Մասնագետներն ընդգծում են՝ երեխաների առողջ հոգեկան ու հոգեբանական զարգացումն ապահովելու համար հարկավոր է նաև ծնողների հետ աշխատել, հենց նրանք են հիմնականում դուրս մնում պետական այսպիսի ծրագրերից: Հոգեբանը նաև հասարակությանն է հորդորում՝ տրավմաներով, տևական սթրեսային վիճակում ապրած արցախցի երեխաներին առանց ցնցումների ինտեգրելը շատ կարևոր է:

«Միայն պետության վրա հույս դնելը մի քիչ քիչ է: Շրջապան էլ պիտի երեխաներին խնտեգրի, այդ խաղային պրոցեսները, հեռու չպահեն իրենց, հավասար խաղան, հարևաններն էլ իրենց ներդրումը կարող են ունենալ», - ասաց Արմինե Ավետիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG