Մատչելիության հղումներ

Երևանի գործող ավագանին վերջին՝ արտահերթ նիստն անցկացրեց


Երևանի քաղաքապետարանի շենքը, արխիվ
Երևանի քաղաքապետարանի շենքը, արխիվ

Երևանի ավագանու դեռ գործող կազմն այսօր վերջին նիստն էր հրավիրել՝ արտահերթ։

Երևանի պատմության ամբողջ ընթացքում սեպտեմբերի 17-ին կայացած ընտրությունը միակն էր, երբ քաղաքապետի աթոռի համար պայքարող ուժերից որևէ մեկը չստացավ ձայների 50 տոկոսը։

Այսօրվա նիստում տեխնիկական հարցեր քննարկեցին, թե ինչպես են կազմակերպելու հոկտեմբերի 10-ին քաղաքապետի ընտրության քվեարկությունը։ Նիստի ավարտին իշխող թիմի քաղաքապետի թեկնածու, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը դահլիճի հետևի մուտքից դուրս եկավ՝ չպատասխանելով լրագրողների հարցերին։

Սեպտեմբերի 17-ին կայացած ընտրություններին ավագանի է անցել հինգ ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց», «Հանրապետություն», «Հանրային ձայն» կուսակցությունները և «Մայր Հայաստան» դաշինքը։ Փաստացի, «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել է ձայների ամենաբարձր՝ 32.5 տոկոսը, բայց միայնակ չի կարող քաղաքապետ ընտրել։ Քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուի շուրջ համաձայնություն չեղավ, ու դրանից հետո Հայկ Մարությանի առաջնորդած «Ազգային առաջընթաց»-ն ու Անդրանիկ Թևանյանի «Մայր Հայաստան»-ը հայտարարեցին, թե կբոյկոտեն առաջին նիստը, որում ավագանին պետք է Երևանի նոր ղեկավար ընտրի։ Բայց եթե առաջին նիստին քվորում ապահովվի, ապա իշխող կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին անհրաժեշտ կլինի 27 կողմ ձայն։ Դա կլինի, եթե նաև «Հանրապետություն»-ը քվեարկի նրա օգտին։

Այս կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչիկյանն այսօր էլ չհստակեցրեց իրենց դիրքորոշումը՝ նշելով․ - «Ամենաուշը երկուշաբթի օրը դուք կիմանաք կուսակցության դիրքորոշումը»։

Խաչիկյանը, որը դեռ գործող ավագանու «Լույս» խմբակցության անդամ է, արձագանքեց ՔՊ-ից հետո ամենաշատ մանդատ ստացած նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հորդորին՝ հոկտեմբերի 10-ին չգնալ առաջին նիստին ու բոյկոտել այն. - «Մենք մասնակցելու ենք Երևանի ավագանու՝ ամսի 10-ին կայանալիք նիստին։ Համենայն դեպս, այն փողոցային, հա՞, էսպես ասած, պայքարի ուժերը, որոնք պայքարում են հանուն Ռուսաստանի դիրքերի ապահովման Հայաստանում, մենք այդ ուժերին բացառում ենք»։

Երևանի ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, ՔՊ-ական Արմեն Գալջյանից «Ազատություն»-ը հետաքրքրվեց՝ ի՞նչ հույս ունեն, թե «Հանրապետություն» կուսակցությունը կաջակցի, որ իրենց թեկնածուն քաղաքապետ ընտրվի։

«Ամսի 10-ին պարզ կլինի ամեն ինչ։ «Քաղաքացիական պայմանագիր»-ը ամենաշատ ձայներն է ստացել, մյուս քաղաքական ուժերի համեմատ ահռելի ավելի շատ ձայներ է ստացել, դա փաստ է», - հայտարարեց Գալջյանը։

Սեպտեմբերի 17-ի ընտրությանը ռեկորդային ցածր մասնակցություն գրանցվեց՝ ընտրողների միայն մոտ 28 տոկոսը գնաց ընտրատեղամասեր։ Արդյոք այս փաստը չի՞ խոսում այն մասին, որ մարդիկ բոյկոտել են ընտրությունները, որովհետև հիասթափվել են իշխող ուժից։

Ընտրություններում ցածր ակտիվությունը Արմեն Գալջյանն այսպես բացատրեց․ - «Համարել են, որ պետք չի, որ գնան ընտրությունների, որովհետև չեն գտել էն քաղաքական ուժին, ում ուզում են ձայն տալ։ Այսինքն, եթե <...> մեր կուսակցությանը պետք է մտահոգի, մտահոգում է այնքանով, ինչքանով դա վնաս է քաղաքական համակարգին։ Բնականաբար պետք է մտահոգի»։

Երևանի նոր քաղաքապետի ընտրությունն այս պահին, մեծ հաշվով, կախված է սեպտեմբերի 17-ին ամենաքիչ մանդատ ստացած «Հանրային ձայն»-ի որոշումից, իսկ այդ կուսակցության փաստացի առաջնորդ, հետախուզվող նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանն ասել է, որ նորընտիր ավագանու առաջին նիստը չեն բոյկոտի։ Օրենքով ավագանու նիստն իրավազոր է, եթե ներկայանում է 33 անդամ։

XS
SM
MD
LG