Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահի իմփիչմենթի գործընթացը տապալվեց


Վրաստանի խորհրդարանը չկարողացավ պաշտոնանկ անել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։ Նախագահի իմփիչմենթին կողմ է քվեարկել 86 պատգամավոր, դեմ՝ մեկը, մինչդեռ անհրաժեշտ էր ընդհանուր առմամբ 100 ձայն։

Օրենսդիր մարմնի ընդդիմադիր պատգամավորները, բացառությամբ մի քանի հոգու նախապես հայտարարել են, որ չեն աջակցում իմփիչմենթին։ Նիստին նախորդել է Սահմանադրական դատարանի որոշումը, ըստ որի՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առանց կառավարության թույլտվության միջազգային այցեր ու տարբեր պետությունների ղեկավարների հետ հանդիպումներ իրականացնելով՝ խախտել է երկրի հիմնական օրենքը։

Ինքը՝ Զուրաբիշվիլին, իրեն պաշտոնանկ անելու հարցով խորհրդարանի նիստին ներկա չէր, դատարանում նրա շահերը ներկայացնում էին «Վրացական երազանքի» նախկին պատգամավոր Թամար Չուգոշվիլին և Վրաստանի սահմանադրական դատարանի նախկին դատավոր Մայա Կոպալեիշվիլին։ Նրանք, մասնավորապես, վկայակոչել են Սահմանադրության 49-րդ հոդվածը, ըստ որի՝ «Վրաստանի նախագահը ներկայացնում է Վրաստանը արտաքին հարաբերություններում»։ Բացի այդ, Վրաստանի մայր օրենքը սահմանում է, որ «սահմանադրական մարմիններն իրենց լիազորությունների սահմաններում պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները՝ ապահովելու Վրաստանի լիարժեք ինտեգրումը Եվրամիությանը և Հյուսիսատլանտյան դաշինքին»։

XS
SM
MD
LG