Վրաստանի Սահմանադրական դատարանը բավարարել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի՝ պաշտոնանկության մասին խորհրդարանի մի խումբ պատգամավորների ներկայացրած դիմումը։
Սահմանադրական դատարանի անդամները քվեների 6 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ այսօր վճռել են, որ Զուրաբիշվիլին խախտել է երկրի Հիմնական օրենքը՝ արտերկրյա շրջագայությունների մեկնելով առանց կառավարության թույլտվության։
Դատարանի որոշումից հետո երկշաբաթյա ժամկետում Զուրաբիշվիլիի իմփիչմենթի հարցը պետք է քննի երկրի խորհրդարանը։
Զուրաբիշվիլիի պաշտոնանկության համար Վրաստանի 150-հոգանոց խորհրդարանում պետք է առնվազն 100 քվե հավաքվի։ Վրացական աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահին երկրի իշխող կուսակցությունը խորհրդարանում նման քանակությամբ ձայներ չունի։