Մատչելիության հղումներ

Ալիևի երեկվա հայտարարությունները փաստում են՝ Ադրբեջանում հարուցված քրգործերը քաղաքական են. Սիրանուշ Սահակյան


Ստեփանակերտում նախագահական նստավայրի առաջ Ալիևի երեկվա հայտարարություններն Արցախի նախկին ղեկավարության վերաբերյալ փաստում են՝ Ադրբեջանում հարուցված քրեական գործերը քաղաքական են, զուրկ իրավական հիմքից, պնդում է, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը։

Մասնագետն ընդգծում է՝ այն, որ Ադրբեջանում հենց նաև սեփական քաղաքացիներին առնչվող դատավարություններն են քաղաքական պատվերով իրականացվում փաստում են միջազգային հեղինակավոր կազմակերպությունները:

Պետական դրոշի բարձրացման արարողությունից հետո Ադրբեջանի նախագահը երեկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարել էր, որ «Ղարաբաղի անջատականների առաջնորդներն արժանի պատիժ են կրելու»։

«Թերևս ռազմագերիների խնդրից սկսած մենք ունենք նախ քաղաքական հայտարարություն, որից հետո՝ այդ հայտարարությունները սպասարկող իրավական գործընթացներ: ԱՄՆ մարդու իրավունքների զեկույցն էլ ուղիղ կերպ անդրադառնում է այս խնդրին, տարբեր մարդու իրավունքների զեկույցներ», - նշեց Սիրանուշ Սահակյանը:

ԱՄՆ պետքարտուղարության մարդու իրավունքների 2022 թվականի զեկույցն իրավիճակն Ադրբեջանում խիստ բացասական էր գնահատել, ըստ այդ փաստաթղթի, ադրբեջանական դատարաններն անկախ չեն, իրավապահների կողմից գրանցվում են մարդկանց անձնական կյանքին կամայական և ապօրինի միջամտություններ:

Արտասահմանում հայտնված ռեժիմի ընդդիմախոսների նկատմամբ գրանցվել են քաղաքական հետապնդման փաստեր: Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպության տվյալով՝ Ադրբեջանում շուրջ 3 տասնյակ քաղբանտարկյալ կա: Ըստ Freedom House-ի, Ադրբեջանի վարչակազմը վերահսկում է քրեական արդարադատության համակարգը: Նման իրավիճակում Բաքվից արդարադատություն ակնկալելը միամտություն է, ասում է միջազգային իրավունքի մասնագետը:

Բաքվում կալանավորված Արցախի երեք նախկին նախագահներին, նախկին պետնախարարին, արտաքին գործերի նախարարին ու Պաշտպանության բանակի երկու նախկին հրամանատարներին Ադրբեջանը մի շարք ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահակբեկչությունից մինչ պատերազմական հանցագործություններ։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ օրինակ, Արայիկ Հարությունյանը կարող է նույնիսկ ցմահ ազատազրկման դատապարտվել:

«Արդարադատությունը դատարաններում չի կայացվելու, արդարադատություն իրականացվում է գործադիր իշխանությունում և խոստումներն էլ տրամադրվում են հրապարակային: Այսինքն, այստեղ չեն խորշում նաև հրապարակայի խոստումներ տալուց, որ խիստ պատիժներ առաջադրեք, այսինքն, մենք այստեղ ունենք արդեն իսկ կանխակալություն, նախապես կանխորոշված ելք», - ընդգծեց Սահակյանը:

Հնարավոր չէ Ադրբեջանում հասնել արցախցի պաշտոնյաների արդարացմանը, նրանց ազատ արձակել հնարավոր է տարածաշրջանային դերակատարների ճնշմամբ և միջազգային իրավական գործընթացներով, կարծում է մասնագետը:

«Նախ բարեկամական երկրները բարի խորհուրդներ տան և այդ երկրի նաև հեղինակությունից ելնելով ապահովեն այս անձանց ազատ արձակումը կամ պատժամիջոցների և պատասխանատվության իրացմամբ կամ դրա սպառնալիքի ներքո Ադրբեջանը պետք է ազատ արձակի այս անձանց, ովքեր ըստ էության պահվում են որպես պատանդներ և ցանկացած հոդված կարելի է փոխարինել ու վերագրել նրանց», - ասաց Սիրանուշ Սահակյանը:

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահը չի բացառում՝ այս ընթացքում արցախցի պաշտոնյաների մեղադրանքները կարող են ավելանալ ու դեռ էլի ծանրացվել:

Լեռնային Ղարաբաղի նախկին և ներկա ղեկավարության բոլոր ներկայացուցիչներին անհապաղ ազատ արձակելու պահանջով Երևանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս հարցը հայկական կողմը հասցրել է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան: «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով Երևանն ակնկալում է, որ Բաքուն պատժիչ միջոցներ չի ձեռնարկի Լեռնային Ղարաբաղի իշխանությունների նախկին կամ ներկա ներկայացուցիչների նկատմամբ։

XS
SM
MD
LG