Մատչելիության հղումներ

«ՀՀ-ն կարող է հույս դնել ԵՄ-ի վրա նաև ԼՂ-ից հայերի զանգվածային հոսքի կառավարման արտակարգ փուլից հետո»․ ԵՄ հանձնակատար


ԵՄ-ն հանձնառու է օժանդակություն ցուցաբերել Հայաստանի կառավարությանն ու ԼՂ հայությանը՝ ստեղծված խնդիրների մեղմման ու հաղթահարման նպատակով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ ընդգծել է Եվրոպական միության ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչին:

Ըստ Հայաստանի կառավարության՝ Փաշինյանն ասել է, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով առաջացած ճգնաժամի հաղթահարման նպատակով անհրաժեշտ է նաև միջազգային հանրության աջակցությունը, այդ թվում՝ ֆինանսական:

Հայաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ Գրանադայում ունեցել է արդյունավետ քննարկումներ առկա կարիքների գնահատման և հետագա օժանդակության վերաբերյալ:

Երևանյան հանդիպումներից հետո Լենարչիչը X-ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով՝ ԵՄ աջակցությունը կպահպանվի։

«Սա էր Երևանում գտնվելու իմ ուղերձը Հայաստանի ներկայացուցիչներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, արտգործնախարար Արարատ Միրզոյանին», - գրել է ԵՄ հանձնակատարը շեշտելով՝ Հայաստանը կարող է հույս դնել ԵՄ-ի վրա նաև Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային հոսքի կառավարման արտակարգ փուլից հետո։

XS
SM
MD
LG