Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչին ներկայացրել է Լաչինի միջանցքի՝ ամիսներ տևած արգելափակման, սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը:
Հայաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ ընդգծելով, որ տեղի ունեցածը ԼՂ փաստացի էթնիկ զտում էր, որի վտանգի մասին ՀՀ ահազանգում էր ամիսներ շարունակ՝ Միրզոյանը նշել է տարածաշրջանում ուժի կիրառման շարունակվող վտանգի բացառման անհրաժեշտությունը:
Նրանք անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին պատշաճ աջակցության ցուցաբերման և այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ աշխատանքներին:
ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ հանձնակատարը մտքեր են փոխանակել տարածաշրջանում անվտանգային իրավիճակի, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերի շուրջ:
Յանեզ Լենարչիչին ավելի վաղ ընդունել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: