Մատչելիության հղումներ

Freedom House. Հայաստանի համացանցն ազատ է


Freedom House-ի համացանցի ազատության 2023 թվականի զեկույցը
Freedom House-ի համացանցի ազատության 2023 թվականի զեկույցը

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է համացանցի ազատության 2023 թվականի զեկույցը, որի համաձայն՝ Հայաստանը շարունակում է գտնվել «ազատ երկրների» ցանկում:

Ըստ զեկույցի, «թեև առցանց միջավայրը Հայաստանում մնում է բաց, ինտերնետի ազատությունը լուսաբանման ժամանակահատվածում որոշ չափով նվազել է, ինչը մեծավ մասամբ պայմանավորված է 2022 թվականի երկրորդ կեսին հայկական տարածքներ Ադրբեջանի զորամիավորումների ներխուժման հետ կապված տեղեկատվության տարածման սահմանափակումներով, ինչպես նաև հաքերային գրոհների աճով», - ասվում է զեկույցում:

Դրական հանգամանք է համարվում այն, որ կառավարությունն ընդունել է Քրեական օրենսգրքի նոր տարբերակը, որով ապաքրեականացրել է նախորդ տարում հավանության արժանացած և բազում վեճերի ու քննադատության առիթ դարձած «ծանր վիրավորանքը»:

Հայաստանը վաստակել է 72 միավոր: Այն կազմված է հետևյալ բաղադրիչներից. մուտքի խոչընդոտ՝ 19, բովանդակության սահմանափակում՝ 28, և օգտատերերի իրավունքների խախտում՝ 25 միավոր:

Տարածաշրջանում Հայաստանից առաջ է անցել 77 միավոր վաստակած Վրաստանը:

Թուրքիան (30 միավոր), Ադրբեջանը (37 միավոր) և Իրանը (11 միավոր) մնացել են «ոչ ազատ» երկրների ցանկում: Այդ խմբում է նաև 21 միավոր վաստակած Ռուսաստանը:

Զեկույցում նշվում է, որ համաշխարհային ինտերնետի ազատությունը 13 տարի անընդմեջ նահանջ է գրանցում, իրավիճակը վատթարացել է 27 երկրներում և բարելավվել՝ 22-ում:

Զեկույցում ասվում է, որ արհեստական բանականության տեխնոլոգիան կարող է նպաստել առցանց ապատեղեկատվության տարածմանը:

Տեխնիկապես զարգացած ավտորիտար կառավարություններն արհեստական ինտելեկտի «չաթբոտի» տեխնոլոգիաներով փորձել են ուժեղացնել գրաքննության համակարգերը:

XS
SM
MD
LG