Մատչելիության հղումներ

Հայաստանը մնում է «մասամբ ազատ» երկրների շարքում. «Ազատությունն աշխարհում 2023» տարեկան զեկույց


Հայաստանը շարունակում է դասվել «մասնակի ազատ» երկրների շարքին. Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2023» տարեկան զեկույցը:

Ըստ զեկույցի՝ Հայաստանի վարկանիշը 2022-ին գնահատվել է 54՝ 100 բալանոց սանդղակով նախորդ տարվա 55 միավորի փոխարեն։

Զեկույցում, մասնավորապես, նշվում է, որ ադրբեջանական սեպտեմբերյան հարձակումները Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա զգալի ազդեցություն են թողել Հայաստանի ժողովրդավարական հետագծի վրա և արժանի են հատուկ քննության 2023-ին։

«Ադրբեջանական ուժերը շարունակել են հարձակումները և գրավել են հայկական տարածքներ սահմանի երկայնքով՝ սպառնալով Երևանի ժողովրդավարական իշխանությանը և մեծացնելով լայնամասշտաբ պատերազմի վտանգը», - ասված է զեկույցում:

2022-ի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական զինուժը Հայաստանի տարածքում առաջացել է մի քանի ուղղություններով։ Պաշտոնական տվյալներով՝ Բաքվի վերահսկողության տակ է անցել 140 քառակուսի կիլոմետր տարածք։ Ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 224-ն է, Ադրբեջանը հայտնել է իր 80 զոհի մասին։ Մարտերից հետո Բաքուն հայկական կողմին է վերադարձրել 157 զինծառայողի մարմին, հայրենադարձվել է 17 գերի:

XS
SM
MD
LG