Մատչելիության հղումներ

Freedom House. «Հայաստանում համացանցն ազատ է»


Freedom House-ըհրապարակել է Համացանցի ազատության 2022 թվականի զեկույցը, որի համաձայն, Հայաստանը հռչակվել է «ազատ երկիր»:

Անցած տարիների ընթացքում Հայաստանը, որպես կանոն, եղել է «ազատ երկրների» ցանկում: Բացառությունը 2017 թվականն է, երբ 2016-ի համեմատությամբ արձանագրվել է նահանջ և Հայաստանը բնորոշվել է որպես «մասամբ ազատ»: Դրանից հետո Հայաստանում ինտերնետի վիճակը մշտապես ազատ է համարվել:

Այդ անվանակարգում տեղ գտնելու համար երկրներին միավորներ են տրվում՝ 100-ից 70 համախառն միավոր են ստանում «ազատ երկրները», 69-ից 40՝ «մասամբ ազատները» և ամենաանմխիթար վիճակում գտնվող 39-ից 0 ստացածները համարվում են «ոչ ազատ երկրներ»:

Այդ միավորներն էլ գոյանում են երեք գործոնների վերլուծությամբ՝ 0-ից 25 միավորների սանդղակով է գնահատվում տվյալ երկրում ինտերնետի մատչելիությունը, 0-ից 35 միավորով՝ բովանդակության սահմանափակումը և 0-ից 40 միավորով օգտատիրոջ իրավունքների ոտնահարումը:

Հայաստանն այս նոր զեկույցում ստացել է ընդհանուր 74 միավոր և «ազատ երկիր» է հռչակվել: Մատչելիությունը՝ 20 միավոր, բովանդակության սահմանափակումը՝ 28 և օգտատիրոջ իրավունքների ոտնահարումը՝ 26:

Նշենք, որ Հայաստանը տարածաշրջանում ընդամենը 4 միավոր է զիջել հարևան Վրաստանին:

Համացանցի ազատության ցուցիչով ազատ հռչակված այս երկու հարավկովկասյան երկրներն անգամներով առաջ են անցել մյուս հարևաններից:

Իրանն ամենածանր կացության մեջ գտնվողներից է, ունի ընդամենը 16 միավոր և «ոչ ազատ» է, նույն անվանակարգում են Հայաստանի թիվ մեկ դաշնակից Ռուսաստանը՝ 23 միավոր, Թուրքիան՝ 32 միավոր, և «ավագ եղբորից» փոքր-ինչ առաջ անցած Ադրբեջանը՝ 38 միավոր:

Նախկին խորհրդային բախտակիցներ Ուզբեկստանը, Բելառուսը, Ղազախստանը՝ «ոչ ազատ» են, Ղրղըզստանը և Ուկրաինան՝ «մասամբ ազատ»: Բնականաբար, ազատ է համարվել Բալթյան եռյակը:

Ցանկի ստորին բաժնում՝ ամենաանազատների եռյակում են Իրանը, Մյանման և Չինաստանը: Դե իսկ ամենաազատների առաջին եռյակում են Կոստա Ռիկան, Էստոնիան և Իսլանդիան:

Freedom House-ի վերլուծաբանների փոխանցմամբ, ավտորիտար ռեժիմները երկրի ներսում և միջազգային ասպարեզում ձգտում են հնարավորինս ուժեղ հսկողություն հաստատել ինտերնետի վրա, սահմանափակել օգտատերերի մուտքը միջազգային համացանց:

Դա արվում է դրսի կայքերն արգելափակելու, օգտատերերի անձնական տվյալները կուտակելու և հարկ եղած դեպքում նրան շանտաժի ենթարկելու եղանակով:

Բացի այդ, կառավարությունները հսկողության տակ են վերցնում ինտերնետի ծառայություն մատուցող ընկերությունների աշխատանքը: Այս ամենի արդյունքում անցած 12 տարիների ընթացքում աշխարհում անընդհատ գրանցվում է ինտերնետի ազատության մակարդակի անկում:

Առնվազն 53 երկրներում օգտատերերին դատական պատասխանատվության են ենթարկել և շատ հաճախ դաժան պատժաչափեր են սահմանել:

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Ռուսաստանում համացանցի ազատությունն իջել է երբևէ գրանցված ամենացածր աստիճանին:

Ընդհանուր հաշվով աշխարհում 4,5 միլիարդ մարդ ունի համացանցին միանալու հնարավորություն:

Այդ օգտատերերի 76 տոկոսն ապրում է երկրներում, որտեղ իշխանությունները կարող են անձին բանտարկել սոցիալական ցանցում կամ որևէ այլ հարթակում քաղաքական, սոցիալական կամ կրոնական թեմաներով գրառման համար:

69 տոկոսն ապրում է երկրներում, որտեղ իշխանությունը կառավարամետ մեկնաբաններ է վարձում առցանց քննարկումները պետության համար բարենպաստ շեշտադրումներով վարելու և հանրային կարծիքը մանիպուլացնելու համար:

64 տոկոսն ապրում է երկրներում, որտեղ քաղաքական, սոցիալական կամ կրոնական թեմաներով բովանդակությունը համացանցում արգելափակվում է:

64 տոկոսն ապրում է երկրներում, որտեղ 2021-ի հունիսից ի վեր առցանց ակտիվության համար մարդիկ են սպանվել:

51 տոկոսն ապրում է, երկրներում, որտեղ իշխանությունները ժամանակավոր կամ մշտական սահմանափակել են համացանցը:

44 տոկոսն ապրում է երկրներում, որտեղ իշխանությունները քաղաքական նպատակներով անջատել են ինտերնետը կամ բջջային կապը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG