Մարդկանց մեջ կա դժգոհություն, կա բողոք և դա արդարացված է, որովհետև մենք կորցրել ենք մեր երկրորդ հանրապետությունը, իսկ դա վերջին 30 տարիներին կյանքի անբաժանելի մասն էր, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։
Իսկ հարցին, թե ընդդիմադիրների հանրահավաքներն ինքնաբո՞ւխ են, թե՞ ուղղորդվում են ինչ-որ ուժերի կողմից Պողոսյանը միանշանակ պատասխան չտվեց։
«Ազատություն»․ - Իշխանափոխություն պահանջող ընդդիմադիրների հանրահավաքներն, ըստ Ձեզ, ինքնաբո՞ւխ են՝ ինչպես կազմակերպիչներն են պնդում, թե՞ ուղղորդված՝ ինչպես իշխանությունն է կարծում։
Պողոսյան․ - Ցանկացած քաղաքական գործողություն, բնականաբար, ուղղորդված է։ Վերջին հաշվով, եթե ես ճիշտ եմ հիշում, ստեղծվել է «Ազգային կոմիտե», որը պետք է ունենա 11 անդամ, առայժմ, կարծես, 5-ի անունն է հայտնի և առնվազն «Ազգային կոմիտեն» հանդես է գալիս որպես կազմակերպիչ։
Եթե ուղղորդում ասելով մենք նկատի ունենք արտաքին ուժերին, ապա, իհարկե, սա, ինչպես ասում են, կրոնի նման մի բան է՝ հավատում ես Աստծոն, կամ չես հավատում։ Հիմա Դուք կարող եք պնդել, որ կան, ես կարող եմ պնդել, որ չկան, Դուք կարող եք պնդել, որ դա Ռուսաստանն է, ես կարող եմ պնդել, որ դա այլ պետություն է, բայց մի բան հստակ է, որ նմանատիպ տարածաշրջանում, որտեղ կան տարբեր խոշոր տերությունների շահերի բախում՝ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Իրան, Թուրքիա, Իսրայել, որոշակիորեն մենք նաև տեսնում ենք Հնդկաստան, Պակիստան, ցավոք սրտի, տարածաշրջանի պետությունները բավականաչափ փոքր են՝ թույլ կայացած կամ գրեթե չկայացած պետական ինստիտուներով, տարածաշրջանն էլ գտնվում է, այսպես ասենք, աշխարհաքաղաքական վերաֆորմատավորման բուռն պրոցեսների մեջ, օրինակի համար, ոչնչացվում է Արցախի Հանրապետությունը, դրանից հետո ինչ պրոցեսներ կլինեն, կտեսնենք՝ «Զանգեզուրի միջանցք», ադրբեջանցիների վերադարձ և այլն, ապա հասկանալի է, որ խոշոր խաղացողները փորձելու են միջամտել նաև տվյալ պետությունների ներքին գործերին։ Ընդամենը դա միայն Հարավային Կովկասին չի վերաբերում, դա վերաբերում է ցանկացած պետության։ Այսինքն՝ եթե խոսենք զուտ տեսական մակարդակով, հասկանալի է, որ Հարավային Կովկասում շահեր հետապնդող ցանկացած պետություն, բնականաբար, փորձելու է այս կամ այն կերպ մասնակից լինել նաև ներքաղաքական գործընթացներին, բայց դա վերաբերում է բոլորին, դա չի վերաբերում միայն Ռուսաստանին, չի վերաբերում միայն Միացյալ Նահանգներին, դա վերաբերում է ցանկացած խոշոր խաղացողի և դա վերաբերում է ցանկացած տարածաշրջանին, գոնե իմ գնահատմամբ։
«Ազատություն»․ - Հիմա էս գործընթացները Դուք ինչպե՞ս եք գնահատում։
Պողոսյան․ - Ինձ թվում է բնական է, որովհետև, եթե պարզվեր, որ Հայաստանում ընդհանրապես ոչ ոքի չի հուզում Արցախի ոչնչացման հետ կապված, դա հայ ազգի մասին ոչ մի լավ բան չէր ասի։
Հասկանալի է, որ մարդկանց մեջ կա դժգոհություն, կա բողոք և դա արդարացված է, որովհետև մենք կորցրել ենք մեր երկրորդ հանրապետությունը, իսկ դա վերջին 30 տարիներին կյանքի անբաժանելի մասն էր։ Այսինքն՝ շատ շատերի համար, առնվազն նրանք, ովքեր 50 տարեկան են և ավելի, կարելի է ասել իրենց կյանքի առավել երիտասարդ և աշխատունակ տարիները՝ 25-ից 50 տարիները, այդ բոլոր պրոցեսները՝ ծախսված ռեսուրսները, խեղված ճակատագրեր, ստացվում է, որ այդ ամեն ինչը դառնում է անիմաստ, որովհետև ամեն ինչ կորում է, և, նորից եմ կրկնում, ակնկալել, որ էդ մարդիկ ասելու են՝ «դե լավ, Արցախն էլ ոչնչացվեց, ինչ անենք, շարունակենք մեր նոր կյանքը», բնականաբար, այդպես չէր լինի։ Հիմա թե որ արտաքին քաղաքական ուժը, ով և ինչպես է ուղղորդում այս շարժումները, ինձ թվում է, որ կան որոշակի ծառայություններ, որոնց պետք է այս հարցումներն ուղղել, նրանք ավելի են տիրապետում կոնկրետ ինֆորմացիայի։