Մատչելիության հղումներ

Երևանում անհնազանդության ակցիաներ են, կան տասնյակ բերման ենթարկվածներ


Այսօր առավոտյան ժամը 8-ից Երևանում մեկնարկել են ընդդիմության հայտարարած անհնազանդության ակցիաները:

Ցուցարարները մի քանի խմբի բաժանված շրջում են Երևանի փողոցներում, պարբերաբար փողոցներ են փակում:

Նրանք մի քանի րոպեն մեկ դուրս են գալիս փողոցներ, 3-4 րոպե կոչեր են հնչեցնում, հորդորում են անցորդներին և վարորդներին միանալ իրենց: Ոստիկանությունն էլ զուգահեռ հայտարարում է, որ ցուցարարների գործողություններն անօրինական են, կոչ է անում ազատել փողոցը, և ընդամենը մի քանի րոպե փողոցում անցկացնելուց հետո ցուցարարները հեռանում են մայթ, տեղափոխվում այլ փողոց և կրկնում նույն գործողությունները:

Փողոցներից մեկում ցուցարարները նաև աղբարկղերով էին փակել երթևեկությունը, բայց եղան վարորդներ, որոնք հարվածելով այդ աղբարկղերին շարունակեցին իրենց ճանապարհը:

Ակցիաներն ընթանում են մայրաքաղաքի տարբեր հատվածներում:

Նախապես հայտարարել են, որ անհնազանդության այս ակցիաները կշարունակվեն մինչև ժամը 11-ը:

Ներքին գործերի նախարարությունը հաղորդում է, որ այսօր ժամը 9-ի դրությամբ Երևանի փողոցներից բերման է ենթարկվել 53 քաղաքացի՝ ոստիկանության ծառայողի պահանջներին չենթարկվելու համար:

Քննչական կոմիտեն երեկ հայտնել էր, որ մայրաքաղաքում հավաքների ընթացքում կալանավորվել է 26 քաղաքացի:

XS
SM
MD
LG