Երեկ Կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով 33 տուժած, անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո, ապաքինմամբ դուրս է գրվել, հաղորդում է Հայաստանի առողջապահության նախարարությունը:
«Այս պահին բուժումը շարունակում է 3 տուժած: Նրանցից մեկի վիճակը բավարար է, վիրահատվել է: Եվս երկու քաղաքացի գտնվում է բուժաշխատողների դինամիկ հսկողության տակ», - ասված է հաղորդագրությունում:
Արցախի պաշտպանության բանակը երեկ հաղորդեց, որ ժամը 13-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով փորձել է առաջանալ ՊԲ պաշտպանության խորքը։ Սկիզբ առան ինտենսիվ մարտական գործողություններ, կան տասնյակ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում:
Ավելի ուշ Երևանում բողոքի ակցիաներ մեկնարկեցին։ Կառավարության մոտ իրավիճակը լարվեց, ոստիկանները հատուկ միջոցներ կիրառեցին։ Բախումների հետևանքով, նախնական տվյալներով, տուժել էին 16 ոստիկաններ և 18 քաղաքացիական անձինք։