Դատախազությունն ընթացք է տվել ստացված և նախնական ուսումնասիրության ենթարկված ընդհանուր 22 հաղորդման և ահազանգի։ Դրանցից 7-ը եղել են մամուլի հրապարակում, 2-ը՝ սոցիալական ցանցերում կատարված գրառում, 4-ը՝ դիտորդական առաքելության, 4-ը՝ ֆիզիկական անձանց, 2-ը՝ ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահի, իսկ 3-ը՝ ոստիկանության աշխատակցի կողմից ներկայացված հաղորդումներ, հայտնում է Գլխավոր դատախազությունը։
Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ ընդհանուր 22 հաղորդումներից 13-ը, որոնք բնույթով եղել են վերացական և ընդհանրական, ուղարկվել են ոստիկանություն՝ անհրաժեշտ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով, ասված է իրավապահ կառույցի հաղորդագրության մեջ։
Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ ընդհանուր 22 հաղորդումներից 9-ն ուղարկվել են Քննչական կոմիտեի և Հակակոռուպցիոն կոմիտեի իրավասու ստորաբաժանումներ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով:
Ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդումներից 3-ի հիման վրա քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն չի կազմվել, իսկ 1 հաղորդման հիման վրա այսօր արդեն իսկ նախաձեռնվել է քրեական 1 վարույթ:
Նախաձեռնված քրեական վարույթով իրականացվում է նախաքննություն։