Մատչելիության հղումներ

Արցախի նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, հանձնարարականներ տվել


Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր Անվտանգության խորհրդի անդամների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:

Ըստ Շահրամանյանի գրասենյակի՝ նախագահին զեկուցվել է շփման գծի երկայնքով օպերատիվ իրավիճակը, քննարկվել են առաջնագծում տիրող իրավիճակն ու անվտանգային մարտահրավերները, դրանց դիմակայման ուղղությամբ անելիքները:

Շահրամանյանը հանձնարարականներ է տվել:

Անդրադարձ է կատարվել նաև երկրում տիրող ծանր հումանիտար իրավիճակին և այն մեղմելու ուղղությամբ իրականացվող քայլերին:

Կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրադրությունը սահմանին շարունակում է մնալ լարված, Ադրբեջանը շարունակում է իր զորքերի տեղաշարժերը Հայաստանի հետ պետական սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով։

Երեկ ուշ երեկոյան Պաշտպանության բանակը հաղորդեց, որ Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացվող տեղաշարժերի և կուտակումների հետ կապված Արցախի բնակչության շրջանում որոշակի տագնապային տրամադրություններ են նկատվում։

Ստեփանակերտը հաղորդեց, որ Արցախի ՊԲ-ն իրականացնում է իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և որևէ էական զարգացման դեպքում անհապաղ իրազեկում է հանրությանը։

«Խուճապային տրամադրությունների ձևավորման հարցում նախևառաջ շահագրգռված են թշնամական հատուկ ծառայությունները», - նկատել էր ՊԲ-ն։

XS
SM
MD
LG