Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության ֆոնին՝ իսրայելական պարբերականները հաղորդում են Ադրբեջանում իսրայելական արտադրության «Բարակ MX» հակօդային պաշտպանական համակարգի փորձարկման մասին։ Բաքուն էլ հաղորդում է իր հակաօդային պաշտպանության ուժեղացմանն ուղղված քայլերի մասին։
Մասնավորապես, Ադրբեջանի զինված ուժերը փորձարկել են իսրայելական արտադրության «Բարակ MX» հակօդային պաշտպանական համակարգը։ Իսրայելական «Գլոբս» պարբերականը, հղում անելով Իսրայելի օդատիեզերական արդյունաբերական ընկերությանը, գրում է, որ հրթիռային համակարգի փորձարկումը հաջող է անցել, մանրամասնելով, որ վարժանքների ժամանակ իրական կրակ է արձակվել։
Israel Aerospace Industries -ը Իսրայելի ամենամեծ օդատիեզերական և պաշտպանական ընկերությունն է, որը մասնագիտացած է օդային, տիեզերական, ծովային, ցամաքային անվտանգության առաջադեմ համակարգերի մշակման և արտադրության մեջ: Վերջին 60 տարիների ընթացքում այս ընկերությունը մատակարարել է առաջադեմ համակարգեր Իսրայելի պաշտպանության նախարարությանն ու տասնյակ այլ երկրների։
«Բարակ MX» հակաօդային համակարգերը, ըստ «Գլոբս» պարբերականի ապահովում են բարձր կարգի պաշտպանություն, այդ թվում՝ ինքնաթիռներից, ուղղաթիռներից, անօդաչու թռչող սարքերից և հրթռներից։ Իսրայելական առաջատար այս զինատեսակն ունի ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային տարբերակներ, որոնք գործում են և՛ ցերեկը, և՛ գիշերը, և՛ եղանակային բոլոր պայմանների ժամանակ։ Համակարգը կարող է լուծել մարտական բարդ առաջադրանքներ՝ չեզոքացնելով միաժամանակյա օդային բազմաթիվ վտանգներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը արդեն տեսանյութ է հրապարակել իսրայելական «Բարակի» կամ, ինչպես ադրբեջանցիներն են այն վերանվանել «Յիլդիրիմի»՝ փորձարկումից։ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը ևս շեշտում է, որ իսրայելական այս զինատեսակի փորձարկումը հաջողությամբ է անցել, փորձարկման ընթացքում նաև «հայտնաբերվել և ոչնչացվել է բալիստիկ հրթիռ, որն արձակվել էր պայմանական հակառակորդի կողմից»։
Անդրադառնալով Ադրբեջանում իսրայելական «Բարակ»-ի փորձարկմանը՝ «Գլոբս» պարբերականը հիշեցնում է, որ 2020 -ի ղարաբաղյան երկրորդ պատերազմում «Ադրբեջանի հաջողություններից հետո» այսօր կրկին Հարավային Կովկասում իրավիճակը լարված է։ Պարբերականը չի բացառել, որ առաջատար համակարգի փորձարկմամբ Բաքուն փորձում է չեզոքացնել նաև Իրանից եկող վտանգները։
Հայաստանյան ռազմական փորձագետները «Ազատության» հետ զրույցներում նշել են, որ իսրայելական «Բարակը» եզակի և արդիական հակաօդային պաշտպանական համակարգ է։ Դժվար է ասել՝ արդյոք Հայաստանի զինված ուժերը ունեն «Բարակին» համարաժեք համակարգ։ Հնդկական մամուլը դեռ անցած տարվանից գրում էր, թե Հայաստանը հետաքրքրված է հնդակական «ԱԿԱՇ» հակաօդային համակարգերով, որոնք, ըստ փորաձեգետների կարող են համարժեք լինել իրայելական «Բարակին»։