Մատչելիության հղումներ

Թուրքական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցները չպետք է բացասաբար ազդեն ՆԱՏՕ-ին միանալու Շվեդիայի հայտի վրա․ Միլլեր


Ռուսաստանին պատժամիջոցներից խուսափելուն աջակցելու համար թուրքական ընկերությունների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները չպետք է բացասաբար ազդեն ՆԱՏՕ-ին միանալու Շվեդիայի հայտի վրա, հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ շեշտելով, որ պատժամիջոցները որևէ կապ չունեն Շվեդիաի անդամակցության հետ և չպետք է ազդեն այդ գործընթացի վրա։

Բայդենի վարչակազմը երեկ հայտարարեց նոր պատժամիջոցների մասին, երկու երկրների հարաբերությունների բավական ուշագրավ ժամանակահատվածում, երբ Վաշինգտոնը հուսով է, որ Անկարան կվավերացնի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, երբ հոկտեմբերի սկզբին Թուրքիայի խորհրդարանը կվերսկսի աշխատանքները։

«Մենք կառուցողական, ջերմ հարաբերություններ ունենք Թուրքիայի կառավարության հետ։ Նրանք մեր կարևոր դաշնակիցն են։ Նախագահը ոչ վաղ անցյալում հանդիպել է նախագահ Էրդողանի հետ և հանդիպումից հետո վերահաստատել է այդ մոտեցումը։ Մենք շարունակում ենք աշխատել Թուրքիայի հետ և հայտարարում ենք, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը կարևոր է Շվեդիայի համար և պետք է տեղի ունենա որքան հնարավոր է շուտ: Եվ մենք ընդունում ենք նախագահ Էրդողանի հավաստիացումները, որ դա տեղի կունենա: Մենք ոչ մի կապ չենք տեսնում այդ երկու գործընթացների միջև, չենք կարծում, որ այդ պատժամիջոցները պետք է ընդհանրապես որրէ ազդեցություն ունենան անդամակցության վրա», - հայտարարել է Միլլերը։

Երեկ հայտարարված նոր պատժամիջոցները ներառում են ավելի քան 150 ընկերությունների և ֆիզիկական անձանց, դրանց թվում կա նաև 5 թուրքական ընկերություն, որոնք ըստ Պետդեպարտամենտի՝ բեռնափոխադրող, նավագնացության հետ կապված և առևտրային ընկերություններ են։ Ըստ Միացյալ Նահանգների՝ այդ ընկերությունները Ուկրաինայի դեմ պատերազմ վարող Ռուսաստանին օգնել են շրջանցել պատժամիջոցները, ՌԴ պաշտպանության նախարարության հետ կապված նավերն են վերանորոգել և օգնել են երկակի նշանակության ապրանքներ մատակարարել։ Մասնավրոապես ընկերություններից մեկը (Margiana Insaat Dis Ticaret) պատժամիջոցների տակ հայտնված ընկերություններին տևական ժամանակ մատակարարել է ռազմական անօդաչուների արտադրության համար անհրաժեշտ պահեստամասեր, իսկ մյուսը՝ (Demirci Bilisim Ticaret Sanayi) չափիչ սարքավորումներ և սենսորներ։

Denkar Ship Construction) ընկերությունը պատժամիջոցների տակ է հայտնվել Ռուսաստանի պաշտպանության նախարարության նավերը վերանորոգելու համար, ևս երկու ընկերություն և այդ ընկերություններից մեկի սեփականատեր Իլքեր Դոգրույոլի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել ամերիկյան և եվրոպական արտադրության էլեկտրոնային բաղադրամասեր Ռուսաստան մատակարարելու համար:
Թուրքական կողմից ամերիկյան պատժամիջոցները դեռ չեն մեկնաբանել:


Ամերիկյան նոր պատժամիջոցների տակ է հայտնվել նաև Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Օթար Պարցխալաձեն։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանի և Վրաստանի քաղաքացիություն ունեցող օլիգարխը պատժամիջոցների թիրախում է հայտնվել Ռուսաստանի շահերից ելնելով Վրաստանի հասարակության և քաղաքականության վրա ազդելու համար։

Վրաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ ուսումնասիրություն է սկսել այս առիթով, իսկ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Պարցխալաձեն պետական կառույցների հետ վերջին 10 տարում որևէ կերպ չի առնչվել։

Ըստ վրացական լրատվամիջոների՝ Պարցխալաձեն գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրել է 2013 թվականին շատ կարճ՝ մեկ ամսից մի քիչ ավելի, և հրաժարական է տվել այն բանից հետո, երբ նրան մեղադրել են նախկին ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին գիշերով կալանավայրից դուրս բերելու և նախկին նախագահ Սաակաշվիլիի դեմ ցուցմունքներ կորզելու նպատակով սպառնալու համար։ Բացի այդ, պարզվել է, որ վերջինս Գերմանիայում 2000թ. դատապարտվել է՝ իր խոսքով ոստիկանին դիմադրելու համար, իսկ վրացական ընդդիմության պնդմամբ՝ կոշիկներ գողանալու։

Պարցխալաձեի անունը բազմիցս հիշատակվել է նաև այլ աղմկոտ պատմություններում և կոռուպցիոն սկանդալներում։

Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ Վրաստանի քաղաքացիների նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեն ազդում Վաշինգտոնի և Թբիլիսիի հարաբերություների վրա, և որ իրենք աջակցում են Վրաստանին և ցանկանում են Վրաստանը տեսնել եվրաատլանտյան ընտանիքի լիիրավ անդամ։

Պետդեպարտամենտի տվյալներով՝ Պարցալաձեին են պատկանում երկու ռուսաստանյան խորհրդատվական ընկերությունների բաժնեմասեր։ Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցները նշանակում են, որ Նահանգները արգելափակում է այդ ցուցակում հայտնված անձանց բոլոր ակտիվները, արգելափակվում են նաև փոխանցումները նրանց հետ կապված անձանց կամ ընկերություններին։

XS
SM
MD
LG