Մատչելիության հղումներ

Ֆիդանը և Բիլստրյոմը քննարկել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցման հարցը


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը շվեդ պաշտոնակից Թոբիաս Բիլստրյոմի հետ հեռախոսազրույցում քննարկել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հարցը:

«Նախարարները կարծիքներ են փոխանակել ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտի շուրջ»,- նշվում է Թուրքիայի արտաքին գերատեսչության հաղորդագրությունում:

Բացի այդ, Ֆիդանը զրույցի ընթացքում «անթույլատրելի» է անվանել Շվեդիայում խոսքի ազատության քողի տակ մահմեդականների սուրբ գիրքը՝ Ղուրանը պարբերաբար այրելու փաստը:

Շվեդիայի ղեկավարները բազմիցս ընդգծել են, որ այդօրինակ ակցիաները ոչ մի կերպ չեն արտահայտում պաշտոնական Ստոկհոլմի վերաբերմունքը մահմեդականների նկատմամբ:

Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել 2022 թվականին՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո:

Թուրքիան ներկայացրել է որոշ նախապայմաններ, մասնավորապես, պահանջելով, արտահանձնել Թուրքիայում ահաբեկչության համար մեղադրվողներին, դադարեցնել աջակցությունը քուրդ զինյալ անջատականներին և ԱՄՆ-ում ապաստանած կրոնական առաջնորդ Ֆեթուլահ Գյուլենի հետևորդներին:

Ֆինլանդիան արդեն միացել է ՆԱՏՕ-ին, իսկ Շվեդիայի հարցով Թուրքիայի խորհրդարանում նախատեսված վավերացումը, հավանաբար, տեղի կունենա այս տարվա աշնանը։

XS
SM
MD
LG