ԱՄՆ-ն ընդլայնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ ներառելով պաշտպանական արդյունաբերության, էներգետիկ և ֆինանսական ոլորտների ավելի մեծ թվով ընկերությունների: Նման հայտարարությամբ են հանդես եկել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ֆինանսների նախարարությունը։
«ԱՄՆ Պետդեպարտամենտը և Ֆինանսների նախարարությունը լրացուցիչ պատժամիջոցներ են կիրառում ավելի քան 150 ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նկատմամբ», - ասվում է Բլինքենի գրավոր հայտարարության մեջ։
Սահմանափակումները կիրառվում են՝ կապված Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման հետ։
«Այսօր ձեռնարկված գործողությունների շրջանակում ԱՄՆ կառավարությունը նաև թիրախ է դարձնում այն անձանց և կազմակերպություններին, որոնք զբաղված են պատժամիջոցներից խուսափելով, նրանց, ովքեր ներգրավված են Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի կարողության ուժեղացման և ռուսական էներգառեսուրսների արտադրության ընդլայնման գործում։ Միևնույն ժամանակ ԱՄՆ գանձապետարանը իր հայտարարության մեջ նշել է, որ պատժամիջոցներ են սահմանվում «ռուսական էլիտայի և Ռուսաստանի արդյունաբերական բազայի, ֆինանսական հաստատությունների և տեխնոլոգիական մատակարարների դեմ», - նշված է հայտարարությունում։
Բլինքենի խոսքով՝ Պետդեպարտամենտը կիրառում է պատժամիջոցները՝ փորձելով սահմանափակել ոչ միայն Ռուսաստանի նավթի և գազի արդյունահանումը, այլև նրա «արտահանման ներուժը» և գործունեությունը «մետալուրգիական և հանքարդյունաբերական հատվածներում»։
Բացի այդ, սահմանափակումներն ուղղված են «ռուսական սպառազինության համակարգերի, այդ թվում՝ «Կալիբր» թևավոր հրթիռի արտադրությամբ և վերանորոգմամբ զբաղվող բազմաթիվ կազմակերպությունների դեմ։
Պատժամիջոցների տակ է հայտնվել նաև վրաց գործարար Օթար Պարցխալաձեն, ով, ըստ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի շահերի համար ազդում է Վրաստանի հանրության և քաղաքականության վրա։